Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝ անդրադառնալով եպիսկոպոսների՝ քաղաքացիներին Մայր Աթոռ հրավիրելուն հաջորդած հայտարարություններին:

«Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին: 

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ և սոցցանցերի օգտատերեր սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ են կատարել։ 

Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը:

Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է հայտարարության մեջ:

 

509