Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Յուրաքանչյուր ընտրություն երկրի համար նոր շրջափուլ սկսելու հնարավորություն է։ Սակայն այդ հնարավորությունն իրական է դառնում միայն այն դեպքում, երբ քաղաքացիները, հատկապես՝ երիտասարդները, գիտակցում են, որ իրենց ձայնը պարզապես քվեաթերթիկի վրա նշում չէ, այլ՝ մասնակցություն ապագայի ձևավորմանը։ Հայաստանում երիտասարդների մասնակցության խնդիրը նոր չէ․ այն սոցիալական, մշակութային և տեղեկատվական բազմաթիվ գործոնների հետևանք է, որոնք տարիներ շարունակ ձևավորել են քաղաքական պասիվության մշակույթ։

Երկար տարիներ հասարակական կյանքին քիչ ներգրավված երիտասարդները հաճախ են հարց տալիս, թե ի՞նչ կարող է փոխել իրենց մեկ ձայնը։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հենց այդ հարցին պատասխանելիս ասում է.
«Նույնիսկ մեկ ձայնը կարող է փոխել ընտրության ելքը։ Այդ կուտակված «1 ձայներն» են, որ որոշում են, թե ով է ձևավորում քաղաքական օրակարգը։ Մեծ փոփոխությունները երբեք մեկ քայլով չեն լինում․ դրանք բաղկացած են փոքր, բայց գիտակցված որոշումներից»։
Իշխանական պատգամավորը հավաստիացնում է՝ վերջին տարիներին իրականացվում են մի շարք նախաձեռնություններ՝ երիտասարդների ձայնը լսելի դարձնելու համար՝ երիտասարդական կենտրոններից մինչև խորհրդատվական մարմիններ, որտեղ նրանք կարող են բարձրաձայնել խնդիրները և ներգրավվել որոշումների կայացման գործընթացում։
«Այնուամենայնիվ, պետության կամ քաղաքական ուժերի կողմից ստեղծվող հնարավորությունները արդյունավետ չեն լինի, եթե երիտասարդների մոտ չձևավորվի սեփական պատասխանատվության զգացումը։ Զգացումը, որ երկրի ապագան կախված է նաև իրենց ընտրությունից»,- նշում է Գաբրիելյանը։

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ քաղաքական գործընթացներից հեռացած մնալը հաճախ պայմանավորված է ոչ թե անտարբերությամբ, այլ քաղաքական դաշտի նկատմամբ վստահության կորստով, քանի որ շատերը շոշափելի արդյունքներ չեն տեսնում, չեն զգում, որ իրենց ձայնը կարող է ազդեցություն ունենալ։
«Երիտասարդները միշտ պասիվ են։ Այս պասիվությունը միայն ներկայիս համակարգի հետևանք չէ․ այն ձևավորվել է տարիների ընթացքում՝ քաղաքական կրթության պակասի, տեղեկատվական աղմուկի և մանիպուլյատիվ բովանդակության տարածման արդյունքում»,- ասում է Նազարյանը։ Պատգամավորը հատկապես վտանգավոր է համարում այն, որ քաղաքական քննարկումների մեծ մասը տեղափոխվել են թվային հարթակներ, դրանք նոր մարտահրավերներ են առաջացրել։
«Իրականությունից կտրված աշխարհ է ստեղծվում։ Շատերը՝ նույնիսկ քաղաքական գործիչներ, խաբվում են։ Ֆեյքային ալգորիթմները հաճախ ներկայացնում են մի իրականություն, որը կարող է մոլորեցնել հատկապես առաջին անգամ քվեարկողներին։ Այդ պատճառով քաղաքական գիտակցության ձևավորումը պահանջում է իրական, ոչ թե թվայնացված միջավայրից տեղեկատվություն ստանալ»։
Գեղամ Նազարյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ընտրություններից խուսափելու հիմնական պատճառներից է անտարբերությունը, որից հրաժարվելը հենց առաջին քայլն է՝ դեպի քաղաքացիական հասունություն։ Քաղաքական ընտրությունը ոչ միայն իշխանություն ընտրելն է, այլև մտայնություն փոխելը՝ հասկանալով, որ քո մասնակցությամբ դու հաստատում ես, որ քեզ հետաքրքրում է պետության ապագան։
Իսկ Սիսակ Գաբրելյանը հիշեցնում է՝ «Քո քվեն, քո ձայնն է»։ Իսկ ձայնն այն ուժն է, որը կարող է փոխել ապագան։
Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։
Անի Ավանեսյան, Էրիկ Մանուկյան, Նռանէ Բալայան, Շուշանիկ Դանիելյան