Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մի շարք հեղինակավոր միջազգային պարբերականներ և երաժշտական հարթակներ անդրադարձել են Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ երգեցողությանը և նրան՝ որպես արդեն կայացած համաշխարհային արտիստի։
2025 թվականին ամերիկյան հեղինակավոր «ELLE» ամսագիրը Ջուլիանային ընդգրկեց աշխարհի վեց լավագույն երաժիշտների շարքում՝ առանձնացնելով նրա յուրահատուկ ձայնը, արտիստիզմը և միջազգային ճանաչումը։
Օրերս «Союз армян России» հայկական ասոցիացիան իր կայքում հրապարակել է մի նյութ, որտեղ համաշխարհային օպերային բեմերում արդեն իսկ կայացած և միջազգային ճանաչում ունեցող երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը ներկայացվել է որպես մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանի դուստր։ Չնայած արտիստի կողմից բազմաթիվ դիմումներին՝ հեռացնել կամ ուղղել ակնհայտ սխալ տեղեկատվությունը, կազմակերպությունը չի արձագանքել, և ապատեղեկատվությունը շարունակվել է տարածվել՝ երգչուհու անվան շուրջ ավելորդ խառնաշփոթ ստեղծելով։ Իրականությունն այն է, որ Ջուլիանա Գրիգորյանը ինքնուրույն ձևավորված արտիստ է, որն իր բացառիկ տաղանդով, տարիների կարգապահ աշխատանքով (7 տ-ից) և անձնական ճանապարհով հասել է աշխարհի խոշորագույն օպերային բեմերին՝ Միլանի «Լա Սկալա», Լոնդոնյան թագավորական օպերա, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերա…
Հռոմ, Բարսելոնա, Վիեննա, Ժնև, Լոզան, Քրանս Մոնտանա, Պրահա, Վարշավա, Օման, Սեուլ, Բազել, Վերոնա, Ռավեննա, Բոլոնիա, Ռիմինի, Բորդո, Նիցցա, Բլայբախ, Մյունխեն, Բեռլին, Ցյուրիխ, Բուխարեստ, Բուդապեշտ, Ամստերդամ, Ատլանտա և այլն։ Ջուլիանան պատվով է ներկայացրել Հայաստանը նաև բազմաթիվ համերգային շրջագայությունների ընթացքում Անդրեա Բոչելլիի, Պլասիդո Դոմինգոյի, Ռիկարդո Մուտիի և այլ երևելիների հետ…
Նրա կենսագրության վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածումը ոչ միայն անընդունելի է, այլև անհարգալից է արվեստագետի անձի, աշխատանքի և իրական պատմության հանդեպ։
Ջուլիանա Գրիգորյանը ոչ միայն տաղանդավոր արտիստ է, այլ նաև դասական երգարվեստի համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթի՝ «Operalia»-ի հաղթող։ Նա նվաճել է առաջին պատվավոր տեղը և արժանացել հանդիսատեսի համակրանքի մրցանակին՝ դառնալով միջազգային օպերային աշխարհի ամենավառ երիտասարդ անունը։ Բացի դրանից՝ Ջուլիանան արժանացել է նաև մի շարք այլ խոշոր մրցանակների, այդ թվում՝ միջազգային «Stanisław Moniuszko Vocal Competition»-ի բարձրագույն մրցանակին, որն առհասարակ իր տասնամյակների ողջ պատմության ընթացքում՝ մինչ Ջուլիանան ընդամենը երկու անգամ էր «Գրան պրի» մրցանակին արժանի հավակնորդ ունեցել։ Նա այդ մրցույթին նաև ստացել է որպես ամենաերիտասարդ տաղանդ (23տ.) «The Sembrich» հատուկ մրցանակը, ինչպես նաև այլ կարևոր մրցանակներ։ Այնուհետ՝ որպես բացառիկ երիտասարդ սոպրանո հատուկ հրավեր է ստացել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայից՝ ուսանելու «Լինդեման» երիտասարդական օպերային ծրագրում, որի 3 տարի տևողության ծրագիրը նա սերտել է վեց ամսում՝ եզակի հաջողությունների համար պարգևատրվելով Հիլդեգարդ Բեհրենսի մրցանակով։ Ջուլիանան նաև ստացել է նման երիտասարդ տարիքում «Մետօպերա»-ի դեբյուտի աննախադեպ հնարավորություն, որտեղ մինչ օրս նա պարբերաբար ելույթ է ունենում գլխավոր դերերգերով՝ որպես սիրված և սպասված արտիստ։ Ջուլիանա Գրիգորյանը այս ամենը ձեռք է բերել բացառապես սեփական տաղանդի, տարիների աշխատանքի, կարգապահության և արվեստին անմնացորդ նվիրվածության շնորհիվ։
Հետևաբար՝ նրա կենսագրության վերաբերյալ ապատեղեկատվության, ինչպես նաև ստահոդ լրահոսին սատարելը ոչ միայն նողկալի է, այլ նաև դատապարտելի՝ արտիստի իրական ուղու և անձնական նվաճումները անարդարորեն ստվերելով։
Հ.Գ. Հատկանշական է, որ Ջուլիանա Գրիգորյանը 2024-ին արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալի, իսկ 2026-ին նաև հաղթել է «Խազեր» մրցանակաբաշխության «Լավագույն դասական երգչուհի» անվանակարգում։ Գնահատենք եզակիներին և մաղթենք նորանոր մասնագիտական վերելքներ մեր հիասքանչ հայրենակցուհուն։