Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ADB) և Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի (SIMC) պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախարարությունը։

 

Պատվիրակության կազմում են եղել ԱԶԲ-ի Հայաստանյան գործառնությունների ղեկավար Սիբեշ Բհատաչարյան, գլխավոր խորհրդատուի տեղակալ Քրիստինա Պակը, մասնավոր հատվածի զարգացման գծով գլխավոր մասնագետ Նարինե Ավետիսյանը, ինչպես նաև Սինգապուրի հաշտարարության միջազգային կենտրոնի նախագահ Ջորջ Լիմը և գործադիր տնօրեն Չուան Վի Մենգը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները և համատեղ իրականացվելիք նախագծերը: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել միջազգային գործընկերների դերը Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման գործում, որի արդյունքում արդեն իսկ արձանագրվել է դատարանների ծանրաբեռնվածության էական նվազում:

 

Քննարկումների առանցքում են եղել նաև Սինգապուրի կոնվենցիայի վավերացմանն ուղղված Հայաստանի քայլերը, ինչը մեծ նշանակություն կունենա միջազգային առևտրային հաշտության համաձայնությունների ճանաչման համար, ինչպես նաև հաշտարարների շարունակական վերապատրաստմանն ուղղված համագործակցությունը: Ակնկալվում է, որ շուտով մի շարք հայ հաշտարարները կստանան միջազգային որակավորում:

 

Այս համագործակցությունը նոր հորիզոններ է բացում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար:

 

76