Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եգիպտոսի համալսարանի նախագահ և հայագիտության պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամը և գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա էլ Նագգարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ դիվանագիտական առաքելություն։ Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունների զարգացմանը և նոր ծրագրերի իրագործմանը, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում:
Դեսպան Ամալ Աֆիֆին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով հատկապես մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ առավելագույն ջանքերի ներդրման պատրաստակամությունը: Այս համատեքստում նա նախարարին է ներկայացրել առաջիկայում Եգիպտոսում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:
Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է նաև պատվիրակության կազմում ընդգրկված եգիպտացի մտավորականների գործունեությանը՝ նրանց հետ կապերի ամրապնդումը դիտարկելով որպես երկու ժողովուրդների միջև բարեկամության խորացման կարևոր հնարավորություն։ Այս համատեքստում նա բարձր է գնահատել պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամի երկարամյա գործունեությունը հայագիտության, Հայաստանի պատմության և Եգիպտոսի հայ համայնքի պատմության ուսումնասիրության ու հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նման գիտական աշխատանքը կարևոր ներդրում է Հայաստան-Եգիպտոս մշակութային երկխոսության ամրապնդման գործում։
Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամը երկար տարիներ աջակցել է Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությանը, ղեկավարել է արաբերեն հայագիտական «Արեգ» (AREG) ամսագրի խմբագրությունը, որն էական դեր է ունեցել հայության վերաբերյալ գիտելիքի տարածման գործում արաբալեզու ընթերցողների շրջանում։
Գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա էլ Նագգարը ևս ներկայացրել է իր գործունեությունը։
Նշվել է, որ կողմերը կարող են համագործակցել նաև Գրքի միջազգային փառատոնի շրջանակում՝ թարգմանական ծրագրերի իրականացմամբ։
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: