Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովի շրջանակում անցկացված պաշտպանական արդյունաբերության ֆորումի ընթացքում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի արժողությամբ համաձայնագրեր։ Այդ մասին հայտնում է «Türkiye» թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ պայմանագրերը ներառում են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնումներ, ինչպես նաև սպառազինության և մարտական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի շրջանակում հայտնել էր, որ դաշինքի 20 անդամ պետություն կմասնակցի Drone Edge նախաձեռնությանը, որի շրջանակում առաջիկա հինգ տարվա ընթացքում 40 միլիարդ դոլար կներդրվի անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի միջոցների արտադրության մեջ։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Անկարայի գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում կկնքեն տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր։

Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 32 երկրների առաջնորդները։ Հուլիսի 8-ին նախատեսված է լիագումար նիստ՝ դաշինքի անդամ պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։

72