Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 Ինչպես հիշում եք, օրենքով սահմանվել է, որ ապահովագրված անձանց առողջ ապրելակերպը և կանխարգելիչ բուժօգնությունից օգտվելը խրախուսելու նպատակով հաշվարկվում են բոնուսային միավորներ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Դրանք տրամադրվում են այն դեպքում, եթե տվյալ տարվա ընթացքում անձն օգտվել է իրեն հասանելի կանխարգելիչ ծառայություններից՝ սկրինինգային հետազոտություններից, և այդ ընթացքում նրա համար որևէ ապահովագրական հատուցում չի գրանցվել։ Այդ դեպքում տարվա ավարտից հետո անձի բոնուսային հաշվին փոխանցվում են նախապես սահմանված բոնուսային միավորները։

Միաժամանակ, հաշվի առնելով բնակչության համար կարևոր հանրային առողջապահական ցուցանիշները, սահմանվել են նաև լրացուցիչ խրախուսման չափանիշներ։ Մասնավորապես, եթե ապահովագրված անձը հանդես է գալիս որպես կամավոր անհատույց արյան դոնոր, կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվում են նրա առողջ ապրելակերպը բնութագրող դրական փոփոխություններ, օրինակ՝ մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում, ծխելուց հրաժարում և այլն, ապա անձին տրամադրվում են նաև հավելյալ բոնուսային միավորներ։

Դրանց հաշվարկման գործակիցները, ինչպես նաև բոնուսների տրամադրման ընթացակարգն ու չափերը կսահմանվեն առողջապահության նախարարի հրամանով։ Սահմանվել է նաև, որ կուտակված բոնուսային միավորների ընդհանուր արժեքը չի կարող գերազանցել տվյալ տարվա ապահովագրական վճարի 10 տոկոսը։ Տարվա ավարտից հետո այդ միավորները հնարավոր կլինի օգտագործել տարբեր նպատակներով՝ ապահովագրական վճարը կատարելու, կամավոր բժշկական ապահովագրության փաթեթ ձեռք բերելու, համավճարներ վճարելու, ինչպես նաև մարզասրահների և լողավազանների ծառայություններից օգտվելու համար»,- ասաց նա։

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2029 թվականի հունվարի 1-ից։ Սակայն դրա նախնական հաստատումը հնարավորություն կտա նախապես մշակել և ներդնել անհրաժեշտ էլեկտրոնային գործիքները, ինչպես նաև իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ համագործակցելով կամավոր բժշկական ապահովագրություն տրամադրող կազմակերպությունների, մարզասրահների և լողավազանների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում 

100