Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց, որ 2026 թվականի մարտին կառավարության որոշմամբ ընդլայնվել է սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։

Նրա խոսքով՝ մինչ այդ ծրագրով նախատեսված էր 2400 շահառուի քվոտա, իսկ ընդլայնման արդյունքում ավելացվել է ևս 1420 քվոտա, ինչի շնորհիվ ընդհանուր քանակը հասել է 3820-ի։

Ընդլայնումն իրականացվել է երեք ուղղությամբ։ Առաջին՝ ծրագիրը վերաբացվել է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի պայմաններին համապատասխանող քաղաքացիների համար։

Երկրորդ՝ նոր քվոտաներ են սահմանվել այն սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ բնակչության և ծրագրի փաստացի շահառուների հարաբերակցությունը չի գերազանցել 10 տոկոսը։ Միաժամանակ սահմանվել է նոր պահանջ, ըստ որի՝ պետական աջակցության դիմող ամուսիններից առնվազն մեկը, իսկ միայնակ ծնողի դեպքում՝ միայնակ մայրը, պետք է վերջին մեկ տարվա ընթացքում հաշվառված լինի տվյալ բնակավայրում։ Այս փոփոխությամբ առաջնահերթությունը տրվել է հենց տվյալ համայնքի բնակիչներին։

Երրորդ՝ ընդլայնվել է ծրագրի աշխարհագրությունը։ Այն մեկնարկել է նաև ոչ սահմանամերձ այն գյուղական բնակավայրերում, որտեղ «300 դպրոց» պետական ծրագրի շրջանակում կառուցվել կամ կառուցվում են դպրոցներ, և որտեղ ազատ աշակերտական տեղերը գերազանցում են 80 տոկոսը։

Արտյոմ Սմբատյանի խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ծրագրի շահառուի կարգավիճակ է ստացել 3222 ընտանիք, որոնցից 2695-ն արդեն ստացել են հիփոթեքային վարկ, իսկ 355 ընտանիք ավարտել է բնակելի տան կառուցումը։

Ներկայացված նոր նախագծով առաջարկվում է կատարել երկու բովանդակային փոփոխություն։ Առաջին փոփոխությունը վերաբերում է այն շահառուներին, ովքեր ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ։ Գործող կարգավորումներով, եթե նրանց հաշիվներին փոխանցվում է ծրագրի շրջանակում տրամադրվող գումարը, այն կարող է ենթարկվել բռնագանձման։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետական աջակցության գումարը, ինչպես նաև այդ միջոցներով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չեն կարող բռնագանձվել, արգելադրվել կամ օտարվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին։ Եթե ծրագրին դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում շահառուն գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ և այդ պատճառով չի բավարարում բնակավայրում մեկ տարի հաշվառված լինելու պահանջին, ապա այդ պայմանը կստուգվի զորակոչվելուց առաջ ընկած մեկ տարվա հաշվառման հիման վրա։

 

85