Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացիկ բարեփոխումները, հմտությունների զարգացման, աշխատաշուկայի կարիքների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ներկայում ակտիվ բարեփոխումներ են ընթանում, և Էստոնիայի փորձը կարող է օգտակար լինել․

«Շարունակաբար ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ այն հնարավորինս տեղայնացնելու և ըստ մեր կարիքների կիրառելու նպատակով: Այս համատեքստում անչափ կարևոր է նաև Էստոնիայի մեր գործընկերների հետ փորձի փոխանակումը և արդյունավետ մոդելների ուսումնասիրումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա գործընկերներին իրազեկել է, որ ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար փաստաթուղթ: Նոր օրենքով միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման  համար առանցքային ուղղություն է դիտվում աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպումը, ոլորտում դասավանդողների մասնագիտական վերապատրաստումները և կառավարման արդյունավետության բարելավումը:

Անդրադառնալով համագործակցությանը՝ նշվել է, որ Էստոնիայի քաղաքացիական հասարակության, պետական ​​հաստատությունների և մասնավոր հատվածի փորձագետների հետ համագործակցությամբ  Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնը (ESTDEV) մշակում է գործընկեր երկրների  կարիքներին համապատասխանող նորարարական լուծումներ, և Հայաստանը ևս դիտարկվում է որպես գործընկեր երկիր:

Քննարկվել են նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և շրջանավարտների շարժունությանը, փորձի փոխանակմանը և համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք այլ հարցեր։

 

73