Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

91 տարեկան հասակում մահացել է Մերի Ջո «MJ» Քեմփբելը՝ Քրիս Ջեների մայրը և Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենասիրելի անդամներից մեկը։

Լուրը հինգշաբթի օրը սոցիալական ցանցերում հայտնել է 70-ամյա Քրիս Ջեները՝ հրապարակելով հուզիչ գրառում.

«Այսօր մենք հրաժեշտ տվեցինք իմ գեղեցիկ մայրիկ MJ-ին։ Բառեր չկան նկարագրելու, թե նա ինչ էր նշանակում ինձ համար։ Նա մեր ընտանիքի սիրտն էր։ Նա մեզ սովորեցրեց, որ ընտանիքը ամեն ինչ է, սովորեցրեց սիրել անվերապահորեն, լինել բարի և երբեք չթերագնահատել միասին անցկացրած ոչ մի պահ»։

Մերի Ջոն Քիմ, Քորթնի, Քլոե և Ռոբ Քարդաշյանների, ինչպես նաև Քենդալ և Քայլի Ջեներների տատիկն էր։ Տարիներ շարունակ նա հաճախ էր հայտնվում Keeping Up with the Kardashians և ավելի ուշ՝ The Kardashians ռեալիթի շոուներում՝ դառնալով երկրպագուների սիրելի կերպարներից մեկը։ Նրա սուր հումորը, անմիջականությունն ու կյանքի փորձից ծնված խորհուրդները նրան առանձնահատուկ տեղ էին ապահովել շոուի պատմության մեջ։

2025 թվականին ընտանիքը մեծ շուքով նշել էր Մերի Ջոյի 91-ամյակը, իսկ դրանից մեկ տարի առաջ Hulu-ի The Kardashians նախագծում ցուցադրվել էր նրա 90-ամյակին նվիրված տոնակատարությունը, որն անցկացվել էր Սան Դիեգոյում՝ շքեղ ծաղկային ձևավորմամբ։ Այդ երեկոյի ընթացքում Մերի Ջոն ասել էր, որ իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը երկու դուստր ունենալն է.

«Կյանքն այնքան հրաշալի է, երբ դուք բոլորդ իմ աշխարհում եք»։

Քրիս Ջեները դեռ այդ ժամանակ չէր կարողանում թաքցնել հուզմունքը՝ խոստովանելով, որ ամենամեծ վախերից մեկն այն օրն է, երբ ստիպված կլինի հրաժեշտ տալ մորը։

Նա երկու անգամ հաղթահարել էր քաղցկեղը, ինչի համար ընտանիքն ու երկրպագուները նրան համարում էին տոկունության և ուժի խորհրդանիշ։ Բացի հեռուստատեսային գործունեությունից՝ նա տարիներ շարունակ ղեկավարել է Սան Դիեգոյում գործող մանկական հագուստի Shannon & Co. խանութը, որը բացել էր 1980 թվականին։

Մոր հիշատակին նվիրված գրառման ավարտին Քրիս Ջեները գրել էր.

«Երբ նայում եմ իմ երեխաներին և թոռներին, նրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում եմ քո մի մասնիկը։ Եթե կյանքում որևէ բան ճիշտ եմ արել, ապա այն պատճառով, որ միշտ փորձել եմ ապրել այնպես, որ դու հպարտանաս ինձնով»։

Տատիկի մասին գրել է նաև Քիմ Քարդաշյանը՝ նրան անվանելով իր «լավագույն ընկերուհի, բամբասանքների ամենասիրելի զրուցակից, հավերժական երկվորյակ»։

«Դու միշտ հավատացել ես ինձ, միշտ աջակցել ես և եղել ես իմ ամենահուսալի հենարանը։ Դու մեր ընտանիքի իրական գլուխն էիր, իսկ քո սերը շարունակում է ապրել մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Գրկիր պապիկ Հարրիին, մորաքույր Քարենին և հայրիկիս իմ անունից։ Դու հավերժ կմնաս իմ մի մասը։ Ես քեզ անսահման սիրում եմ», - գրել է Քիմը։


 

 

 

110