Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում շարունակվում է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի նպատակն է ամառային արձակուրդի ընթացքում երեխաների համար ստեղծել կրթական, մշակութային և ստեղծագործական բազմաբովանդակ միջավայր։

Ամառային դպրոցի շրջանակում երեխաները մասնակցում են գրական, կրթական, մշակութային և ստեղծագործական տարաբնույթ միջոցառումների և մրցույթների։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է հանդիսանում մշակութային հաստատություններ այցելությունները։ Մասնակիցները  ծրագրի ընթացքում այցելել են Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Գեղագիտության ազգային կենտրոն, Մարտիրոս Սարյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարաններ, ինչպես նաև Տիկնիկային թատրոն։ Այցերի և կրթական ծրագրերի ընթացքում երեխաները ծանոթացել են Հայաստանի պատմությանը, մշակույթին և արվեստին, հայ անվանի մշակութային գործիչների կյանքին ու ստեղծագործություններին։

Ամառային դպրոցի շրջանակում կազմակերպվել են նաև հանդիպումներ ժամանակակից հայ մանկագիրների հետ։ Երեխաները հնարավորություն են ունեցել քննարկելու ընթերցած գրքերը, հարցեր ուղղելու հեղինակներին, ներկայացնելու սեփական գաղափարներն ու տեսակետները, ընթերցելու գրական հատվածներ։

Ծրագրում ներառված են նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ և դրանց շուրջ քննարկումներ, ճանաչողական առաջադրանքներ և թիմային խաղեր։

Ամառային դպրոցին մասնակցում են նաև հայրենիքում գտնվող սփյուռքահայ երեխաները:

81