Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լաս Վեգասի դատարանի երդվյալ ատենակալները 63-ամյա Դուեյն Դևիսին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Քիֆ Դի, մեղավոր են ճանաչել 1996 թվականին ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով։
Դևիսին սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի։ Դատավճիռը կկայացվի հոկտեմբերի 13-ին։
Դուեյն Դևիսը Կոմփթոնում (Լոս Անջելեսի արվարձան) Crips հանցավոր խմբավորման տեղական ստորաբաժանման նախկին ղեկավարն է։ Մեղադրող կողմի վարկածի համաձայն՝ Դևիսը վրեժխնդրության նպատակով ծրագրել էր Թուփաք Շաքուրի սպանությունը։ Շաքուրը կոնֆլիկտ էր ունեցել Դևիսի զարմիկի՝ Օռլանդո Անդերսոնի հետ, որից հետո ռեփերի թիկնապահները ծեծի էին ենթարկել նրան։
Ինքը՝ Դևիսը, մեղքը հերքում էր, թեև 2018 թվականին տարբեր հարցազրույցներում և 2019 թվականին լույս տեսած իր հուշերում նկարագրել էր այդ իրադարձությունները։ Այդ հայտարարությունները ոստիկանությանը հնարավորություն տվեցին վերսկսել գործի քննությունը։ Դևիսի պաշտպանական կողմը դատարանում պնդում էր, որ գիրքը գեղարվեստական հորինվածք է։