Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության մի քանի բաժինների  իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արաբական Միացյալ Էմիրություններից բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու Հայաստանում դրանց հետագա ստվերային իրացման փոխկապակցված շղթա։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։

Ներմուծման առանձնահատկություններից օգտվելով` ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում` կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների։ Վաճառքից ստացված հասույթը ամբողջությամբ չի արտացոլվել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով առաջացած հարկերը չեն վճարվել պետական բյուջե։

Ապրանքները Հայաստանում իրացվել են բնակարաններից, առևտրի իրականացման վայրերից, ինչպես նաև առաքման միջոցով։

Համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև գործունեության շարունակականությունն ապահովելու մեխանիզմը։ Մասնավորապես, պարզվել է, որ առանձին ընկերությունների միջոցով որոշակի ժամանակահատված ներմուծումներ իրականացնելուց հետո նույն խմբում գործող անձինք նույն գործունեությունը շարունակել են նոր հաշվառված ընկերությունների միջոցով։ Նույն խմբի հետ փոխկապակցված ընկերություններից մեկի գործունեության վերաբերյալ պետությանը պատճառված շուրջ 75 մլն դրամ վնասի մասով հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Դատարանի թույլտվությամբ իրականացված արտաքին դիտման ընթացքում արձանագրվել են խմբի անդամների գործողությունները և ապրանքների տեղափոխման ուղիները։

Մասնավորապես, մեկ ընկերության միջոցով Հայաստան ներմուծված 120 բջջային հեռախոսները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից վերցնելուց հետո տեղափոխվել են խմբի անդամների կողմից օգտագործվող բնակարան։ Դատարանի թույլտվությամբ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ներմուծված հեռախոսները։

Ընդհանուր առմամբ պարզվել է, որ նույն խմբում գործող անձինք առնչություն են ունեցել առնվազն հինգ տարբեր ընկերությունների միջոցով իրականացված ներմուծումների և ապրանքների հետագա իրացման հետ։

Այդ հինգ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծվել 1946 բջջային հեռախոս՝ շուրջ 753 մլն դրամ մաքսային արժեքով, ինչպես նաև շուրջ շուրջ 98.5 մլն դրամ մաքսային արժեքով համակարգչային տեխնիկա, տեսախցիկներ և այլ ապրանքներ։ Ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ շուրջ 851 մլն դրամ, իսկ պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 190.2 մլն դրամ։ Տվյալ ընկերությունների գործունեության մասով հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ներկայում միջոցառումները և վարութային գործողությունները շարունակվում են՝ ապրանքների ամբողջ շարժը, գործունեության մեջ ներգրավված անձանց շրջանակը, օգտագործված ընկերությունները, իրացման փաստացի ծավալները և պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը պարզելու ուղղությամբ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է բարձրարժեք և արագ իրացվող ապրանքների շրջանառության ոլորտում ստվերային գործունեության բացահայտման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև այն դեպքերը, երբ հարկային պարտավորություններից խուսափելու և գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործվում են տարբեր անձանց անվամբ հաշվառված և միմյանց հաջորդող ընկերություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

95