Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՎԱՆՈՅԻ ԿԵՆԱՑԸ
Ուրեմն, գնացել եմ Մոսկվա, 02 լրատվական ծառայության համար ժամանակի շնչին համապատասխան տեխնիկա ու մի քանի տեսախցիկ եմ ձեռք բերել, ինքնաթիռով եկել, իջել ենք Սոչիի օդանավակայանում։ Չվերթը կոչվում է Մոսկվա — Երևան, բայց հընթացս, ամեն անգամ, ճանապարհին, գնալ — գալիս, ինքնաթիռները միշտ կանգ են առնում, Սոչիում, կամ Գրոզնիում, վառելիքով լիցքավորվում ու շարունակում են թռիչքները, սպիտակ նավթ ներկրելով Երևան։ Դա մեր երկրի հայտնի բլոկադայի ժամանակներն էին, երբ ամեն ինչի դեֆիցիտ կար, այդ թվում ավիոկերոսինի։
Ինչևէ, Սոչիում ենք ու ինքնաթիռի էկիպաժի ծանոթ հրամանատարի հետ մեր տրամադրության տակ եղած ժամանակի կեսը տալիս ենք "Ժեմչուժինա" ռեստորանին, մեզ դիմավորում են օդաչուի մանկության ընկերները։ Արագ մի կտոր բան ենք ուտում ու պատրաստվում ենք շարժվել, մեկ էլ մեծ սրահի հակառակ կողմի աջ անկյունում ձգված երկար սեղանից, որտեղ մոտավորապես 35-ից մինչև 40 մարդ էր քեֆ անում, մեկը վեր է կենում բաժակը ձեռքը բարձրաձայն հայտարարում.
— Մի կենաց եմ ասում, չխանգարեք, ոչ էլ քֆուր կտաք ու դրա համար նախօրոք ես եմ քֆուր դնում...
Մեզ դիմավորող տղերքից մեկը, թէ բա.
— Էդ սեղանին նստածներից կեսը հետախուզման մեջ են, են մյուս կեսն էլ քո 02-ի "հերոսներից" են, նրանցից շատերի մասին հաղորդումներ եք տվել ձեր ծրագրով, հենց հիմա 6-7 հոգի օրենքով հայ գող կա նրանց մեջ։
Ժամանակը սեղմում է, բայց պրոֆեսիոնալ հետաքրքրությունը իմ մեջ հաղթում է ու ես խնդրում եմ օդանավի հրամանատարին ոտքներս մի քիչ կախ գցենք։
Կենացասացը, որ բոյ բուսաթով, միջին տարիքի տղամարդ էր, շարունակում է.
— Ես մի մարդու կենաց եմ խմելու, ով մեզ՝ բոլորիս դադարգուն է արել, չոլի շուն է սարքել, տունուտեղից, հարազատներից կտրել...
Սեղանը դղրդում է, նստածները գդալ — պատառաքաղով, բանտային բնազդի ազդեցության տակ, խփում են ափսեներին։
Սեղանի գլխին նստածը, ով երևի էս բոլորի համար ընդունելի հեղինակություն է, հաղթանդամ ու խստադեմ, աջ ձեռքը թափով խփում է սեղանին, ափսեներ ու բաժակներ են թռչում, փշրվում.
— Մարդը պայման դրեց,- հանգիստ ու շեշտադրված ասում է նա,- չփորձեք ինձնից ավելի թասիբով լինել, թողեք տղեն խոսքը պրծնի, հո լակոտ չեք, մանավանդ, որ էն գլխեն քֆուրն արդեն կա։
Բարձրահասակը շարունակում է.
— Մի քանի տարի է, ինչ մեզ հանել են մեր տներից, մեկիս շուտ, մեկելին մի քիչ ուշ, մեզանից մի մասը մի բանի տեր է դառել, մյուս մասն էլ մեր թևի տակ գլուխ է պահում, ձեռի հետ էլ մեր տներին ու մեր բարեկամներին ենք ձեռք մեկնում, օրինակ ես, մի կազինո Մոսկվա, երկուսը Սոչի ու երկուսն էլ Երևան եմ բացել, բարեկամներիս էլ, շատից, քչից կարողանում եմ գոնե նեղ օրերին հասնել, նույնն էլ դու'ք, էլ չեմ ասում, թե մեզանից քանիսն են ազգի կռվի համար պիտանի լինում, ճիշտ չեմ ասու՞մ.
— Ճիշտ ես ասում, բայց էդ կենացը մեզ չի սազում, որ խմենք, ինչ կապ ունի քու ասած մարդը մեզ հետ,- խոսաց ու հարցրեց նստածներից մի ջահել։
— Ասեմ բռատ, ով որ չի ջոգել, նրանց համար ասեմ, մանավանդ ջահելների,- բարձրահասակը հազաց, ջուր խմեց, նորից հազաց խեղդվելու չափ, էնքան, որ նստածներից մեկը վեր կացավ, մեջքի կողմից գրկեց նրան, երկու անգամ գետնից կտրեց, թափ տվեց, հետո ինչ-որ բան խմեցրեց ու կենացասացը ուշքի գալով շարունակեց,- մենք եթե մնայինք Երևան, ամեն օր մեր մեջ իրար ուտոցի էր լինելու, ռազբորկեք, կրակոցներ, սպանություններ, որովհետև բան չէր մնացել երկրում ու մենք, կամ իրարից էինք խլելու, կամ իրար էինք մորթելու։ Ճիշտ չեմ ասու՞մ,- նա հարցը տվեց ու հայացքը հատ- հատ անցկացրեց բոլորի վրայով։
— Ճիշտ ես ասում, — քթների տակ ըստեղ — ընդեղ արձագանքեցին սեղանակիցներից շատերը։
Բարձրահասակը Ամերիկա հայտնաբերածի պես ուրախ տրամադրությունից թնդաց.
— Բաժակները լցրե'ք՝ լի'քը։
Սեղանի վրա շշերի ու գավաթների շրխկշրխկոց տարածվեց։
— Վանոյի կենացը,- հանգիստ ու ինքնավստահ արտաբերեց կենացասացը։
Երկար սեղանը մի մարդու պես ոտքի կանգնեց... խմեցին ու լռություն տիրեց, կենաց ասողը լռությունը ջարդեց վարակիչ, քահ քահ ծիծաղով, բոլորը միացան նրան։
Մենք արդեն ուշանում էինք, բաժակներն իրար բերեցինք, չխկացրինք, խմեցինք նույն կենացն ու ինչ-որ ժամանակ անց արդեն երկնքում էինք։
Անցավ մի քանի ամիս։
Մի օր կեսօրին օգնականս, թե.
— Շեֆ, ժամը իննից մի մարդ կա, մին ջղայնանում ա, մին բուկը բռնած խնդրում ա, որ քո մոտ մտնի։
— Բա ինչումն է պրոբլեմը, ինչու չես թողնում։
— Նախ գրանցված չի, հետո էլ անձը հաստատող փաստաթուղթ չի տալիս, որ հերթագրեմ, և երրորդ՝ մաստը պոլնի խոդ գողական է։
— Է, եթե իր ոտքով եկել է, ամոթ չի՞, որ չընդունենք, մեր սուրբ պարտականությունն է նրանց հետ աշխատելը, չէ որ նաև նրանց համար է ստեղծվել էս նախարարությունը։
— Լավ, հիմա կբերեմ։
Քիչ անց վայրենու կերպարանք ունեցող օգնականս դուռը բացեց ու էդ մարդուն խցկեց իմ աշխատասենյակ։ Դեմքը շատ ծանոթ էր, բարի աչոխումից հետո, առաջարկեցի նստել։ Հիմա նստել ու բերանը ջուր է առել։
— Ուշադիր լսում եմ,- դիմում եմ էդ մարդուն։
Նա ձայն չի հանում, սևեռված մեկ ինձ է նայում, մեկ օգնականիս։
Հասկանալի է, զրույցը կոնֆիդենցիալ է։
— Միսակ, ընդունարանիդ տեր կանգնի,- դուրս եմ հրավիրում օգնականիս։
Նա դժկամությամբ դուրս է գալիս։
— Բռատ, ինձ սրոչնի պետք ա Վանոյին տենամ,- ուղիղ և անկեղծորեն ասում է անկոչ հյուրս։
— Ինչ հարցով։
— Էդ մենակ իրան կասեմ,- հաստ ու երկար վիզը ճռճռացնելով ասում է նա։
— Է, բա իրան էլ ասա, ըստեղ ինչ գործ ունես,- հարցնում եմ ես։
— Ինձ ասել են, որ գործը, եթե սրոչնի է, քո միջոցով է ընդունում մինիստրը,- արդարանում է հյուրս։
— Ես համոզված պիտի լինեմ հրատապության մեջ։
— Հրապատությունն էդ ինչ է,- բառն աղավաղելով հարցնում է նա։
— Սրոչնին է։
— Ախպեր, քյասար, քու մասին ասել են, որ վստահելի ես, դաժե վախտին՝ Մոսկվա օղորմածիկ Սվոյի հետ ես ծանոթ էղել...
Բըռատտ, քյասար մենթերը կազինոներիս նայողների վզին բան են դրել, ես էլ Սոչիից հատուկ վեր եմ կացել, էկել եմ ասեմ, որ իրանց չի հասնում, ավելի լավ ա մինիստրին տամ, մի բան էլ ավել, իրան հասնում ա,- ճակատի ու երեսի քրտինքը մեծ ու սև թաշկինակով սրբելով ասում ու հազում է, հետո շարունակում,- մեկ-մեկ քաղաքում լավ-լավ գործերա անում, պետք կգա,- ծանր հոգոց քաշելով ասում է նա։
— Երբևէ լսած կա՞ս, որ մեկն ու մեկը նախարարին որևէ բան տված լինի,- մի քիչ բարկացած հարցնում եմ նրան։
— Բռատ, ես եզդի տղա եմ, էդ երբևեն, որևեն չեմ ջոգում, տղավարի ասում եմ, քեզ էլ, մինիստրին էլ հարգում եմ, հարց չկա, կարում ենք, մի բան ասա անենք, թե չենք կարում, թարգենք, գնամ - ասաց ու մի անտեր հազ բռնեց էս մարդուն։
Միսակը թափով ներս ընկավ.
— Ինչ անեմ շեֆ,- կատաղած հարցրեց նա։
— Տու'ր, սըպանի,- առաջ ընկավ հյուրս,- համ սրոկից կպրծնեմ, համ էլ ձեր հաբռգած մենթերից։
Ես քմծիծաղ տվի, Միսակի ու գողականի դիալոգից։.
— Էս մարդուն ջուր տուր, թեյ տուր, չես տեսնում խեղդվում է,- ժպտալով ասում եմ ես։
— Բռատ, իսկ կըլնի չայի տեղը մի հատ ծխեմ, բըռոնխներս մեկ-մեկ ատկազ են անում, ծուխը օգնում ա- հազալով հարցնում է հյուրս։
— Իհարկե, իհարկե, ազատ ծխիր,- հորդորում եմ ես։
— Բայց սիգարետս ավտոյում եմ թողե, ավտոս էլ Մասկովսկու վրեն ա, աչքից հեռու,- ու նորից հազալով շարունակում է խեղդվել։
— Սիգար կծխե՞ս, պոչը վիսկիի կամ կոնյակի մեջ թաթախած,- հարցնում եմ հյուրիս։
— Արևիդ մատաղ, ինձ փրկողը կոնյակն ա,- հազալով ասում է նա։
Միսակը արագ, բառից կոնյակ ու բաժակ է հանում, վայրկենական լցնում ու տալիս անկոչ ու մաստով հյուրին։
Վերջինս վերցնում ու շարունակում է հազալով խեղդվել։
— Դե խմի, տնաշեն, ինչ ես մարդու ինֆարկտի հասցնում, միջանցքը լիքը քեզ պես "սրոչնիով" մարդիկ են սպասում,- զայրույթս մի կերպ թաքցնելով հորդորում եմ ես։
— Բռատ ջան, կարաս մի բաժակ հետս խմես, համ մենակ չեմ կարում խմեմ, համ էլ մի կարոննի կենաց ունեմ, ասեմ, գնամ։
Ես Միսակին նորից դուրս եմ հրավիրում, բաժակ եմ վերցնում, լցնում ու նստում եմ ժուրնալնի սեղանի կողքին, հազողի դեմ- դիմացը։
Նա բաժակը բարձրացնում, վեր է կենում, իմ հետ չխկացնում ու. ասում է.
— Բռատ ջան, Վանոյի կենացը,- ասում, ամբողջությամբ ու ժպտերես կուլ է տալիս կոնյակը։
Այ քեզ բան, ոնց չէի ջոկել, "Ժեմչուժինայի" բարձրահասակն է, նույն առոգանությամբ, նույն ոգևորությամբ, նույն մաքրությամբ, նույն սպանող հազով։
Ես դատարկում եմ բաժակը, հյուրիս հազն անցել է, թշերը կարմրել են, ժպտալով նայում է շշին։
— Լա՞վն էր,- հարցնում եմ:
— Լավ ասիր ու պրծար, մեռո'ն ա, մեռո'ն։
— Ասում ես հայերեն լավ չեմ հասկանում, բայց ամենակարևոր բառերն ու կենացները գիտես,- վրա եմ բերում ես։
— Ճիշտ ես ասում, կարևորները գիտեմ, կյանքն ա սովորցրել,- հոգոց հանելով արդարանում է նա։
— Մի բաժակ էլ խմիր, ոնց որ օգնեց, բայց առանց ինձ,- հորդորում եմ ես։
— Չէ', բռատ, մենակ չեմ կարա, կմեռնեմ, բայց մենակ չեմ խմի։
Ես զանգահարում եմ տվյալ շրջանի միլպետին ու ասում, որ էդ էրկու կազինոներից ձեռ քաշի։
Հեռախոսի հակառակ կողմում պատկերացրի, թե ոնց խառնվեց, կարմրեց ու պողացավ միլպետը։
— Լսում եմ ձեզ, բայց հազար ներողություն, նախարարը տեղյա՞կ է։
— Նախարարը եթե տեղյակ լիներ, դու արդեն կոսմոս թռած կլինեիր։
— Բա ինչ կհրամայեք անեմ, որ նախարարը չիմանա,- կակազելով հարցնում է միլպետը։
— Դու որ չափի մեջ մնաս, նախարարը չի իմանա,- ասում եմ ես։
— Անչափ շնորհակալ եմ, շատ եմ խնդրում, թույլ կտաք ձեզ տեսնել, հենց հիմա- աղերսում է միլպետը։
— Իհարկե ոչ, անփորձանք ու առանց մեծ ախորժակի ծառայություն եմ մաղթում,- ասում եմ ես։
Ես կախում եմ լսափողը և միայն այդ պահին նկատում, որ Սոչիի և իմ կաբինետի կենացասացը զարմացած, աչքերը չռած, բերանը լայն բացած ինձ է նայում։
— Ազատ ես երիտասարդ, թող աշխատեմ,- պահանջում եմ ես։
— Հոգուդ մատաղ, ես հո անաղուհաց քրդի շուն չեմ, ասա անելիքս, նոր կգնամ։
— Շտապ ազատիր էս տարածքը,- ավելի խիստ պահանջում եմ ես։
— Տենց չի ըլնում բռատ, վատությունը վատությունով ենք լվանում, լավությունը դվայնոյ լավությունով։
— Ախպեր, քեզանից ոչ մի բան պետք չի ու քեզ էլ մեր գծով չեն մոտենա, հանգիստ գնա։
— Չի ըլնի, նենց մի արա վենեքս քցեմ էս կաբինետում, մի բան ասա, անեմ, որ պարտքի տակ չմնամ։
— Դու մի փորձի անտեր մեռել դառնալ, էստեղ, էս սենյակում, ոչ մի մարդու ես չեմ պատժել, արի քո երեսի ջրով գնա,- փորձում եմ համոզել անկոչ հյուրիս։
— Բըռա ՜տտ,- ներվայնացած ու տանջվելով դիմում է նա,- ասի մի բան ասա, մի բան անենք, հելնեմ գնամ։
— Լավ, կգնաս, քեզանից մի հարկ վերև(կազինոյից), հակառակ մուտքից, մի դուռ կա, վրան սպիտակ ներկով, մեծ տառերով գրված է Հր. Մաթևոսյան, դուռը դանդաղ կթակես ու քո կազինոյից լույս կքաշես էդ մարդու համար, գրող մարդ է, մի լամպի լույս կտաս նրան, 24 ժամ։
Անկոչ հյուրս վեր թռավ տեղից, ուզեց վզովս ընկնել, հետո օդում սառավ, իր նախաձեռնությամբ, քիչ-քիչ կոնյակ լցրեց բաժակների մեջ, իր բաժակը վերցրեց ու կասկածանքով նայեց ու սպասեց ինձ։
Ես մի րոպեի չափ սպասացրի, հյուրիս աջը աննկատ դողաց, վերցրի բաժակը, նա անմիջապես ոգևորվեց ու ասաց.
— Չգիտեմ ինչ ասեմ, բերանս բաց մնաց, առաջին անգամ ա, որ մանթռաժ եմ։
— Բարի ճանապարհ, եթե պետք լինի, էս դուռը բաց է՝ եկեք,- ասացի ես չխկացրի հյուրիս հետ, ուղիղ նայեցի նրա աչքերի մեջ, կոնյակը խմեցի, բաժակը դրեցի սեղանին։
Անկոչ հյուրս հետևեց իմ օրինակին, խմեց, բաժակը դրեց սեղանին ու շփոթված ինձ է նայում։ Ես նրա ձեռքը բռնեցի, պինդ սեղմեցի և ուղեկցեցի մինչև միջանցք, որտեղ հերթում սպասողները զարմացած մեկ ինձ էին նայում, մեկ իմ հյուրին։
Իսկ անկոչ հյուրը, շփոթված, իր բառերով ասած՝ մանթռաժ, հետ-հետ նայելով, համարյա վազելով հեռացավ։
Երեք օր անց ինձ զանգահարում է Հրանտ Մաթևոսյանը և առանց բարև-բարիլույսի հարցնում է.
— Էդ ու՞մ ես ուղարկել իմ մոտ, ո՞վ է էդ Բարեկենդանը:
— Մարդ է էլի Նահապետ, ի՞նչ ասաց։
— Ի՞նչ ասել, ի՞նչ խոսել, տունս ֆիննական բաղնիք է սարքել։
— Է, լավ չի՞-, հարցնում եմ Հրանտին։
— Լավ ասիր ու պրծա՞ր, վալինկեքս հանել, շպրտել եմ, վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ, էս ձմեռ երևի կգրեմ,- գոհունակությամբ ասում է Հրանտը։
— Դե, տա' Աստված,- ասում եմ ես։
— Շուտ-շուտ իր մոտ է հրավիրում էդ մարդը, բիլիարդ ենք խաղում, ինքը կոնյակ էլ խմում, ես վիսկի, միշտ դիտավորյալ պարտվում է,- վերջին ֆրազայով Հրանտը ոնց-որ ուզում է բողոքել։
— Գուցե հարգելով է պարտվում, ոչ թե դիտավորյալ,- հարցնում եմ Հրանտին։
— Կըրնա ըլլալ,- փորձում է կատակել Հրանտը,- հիմա ի՞նչ ես ասում շարունակե՞մ խաղը:
— Իհարկե', շարունակիր, Նահապետ ջան, բայց աշխատիր շատ երես չտալ:
— Եղավ, եղավ, բայց ճիշտն ասած, հըլա որ ինքն է փորձում ինձ երես տալ,- անկեղծանում է Հրանտը։
— Ինքը շատ քթածակով տղա է, Նահապետ ջան, նման բան իրեն թույլ չի տա, հանգիստ մնա։ Ես վաղը երեկոյան քեզ հյուր կգամ, վաղուց ֆիննական չեմ գնացել։
Հ. Գ. Երեկ Վանո Սիրադեղյանի մահվան օրն էր.
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։
Վանոյի հիշատակի օրն էր ու քար լռություն էր ամենուր։
Սույն թվականի նոյեմբերի 13-ին լրանում է նրա 80 - ամյակը, մինչև էսօր ոչ մի հաղորդագրություն չի եղել որևէ պետական, մշակութային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու մասին, ի՞նչ է մտածում մեր պետությունը, առանձնահատուկ՝ ՆԳ նախարարությունը, և ձեռքի հետ էլ Մշակույթով զբաղվող նախարարությունը, ի՞նչ է մտածում մեր առողջ ու անբարդույթ հասարակությունը, ում ժամանակին Վանո Սիրադեղյանի ղեկավարած ՆԳ կառույցը շատ ու շատ փորձանքներից է փրկել։
Չխորանամ, հասկացողին մեկ, չհասկցողին հազար ու մեկ, բայց Վանոն եզակի ու խոշոր պետական — քաղաքական գործիչ է, պետության հիմնադիր հայրերից մեկն է, նաև եզակի արձակագիր է ու նրան անտեսելը պարզապես անհնար է, անմարսելի ու անշնորհակալ գործ է, իսկ երախտամոռությունը մեղք է.
Մահացու...
Լուսանկարը իմ անձնական արխիվից, հեղինակ` Մարտին Շահբազյան:
Վանուշ Շերմազանյան
16.10.2026թ.