Երրորդ Հանրապետության օրոք, երկրորդ անգամ, հարամվեց Աղ ու Հացի օրենքը։ Առաջին անգամ 1996 թվականի ՆԱԽԱԳԱՀԻ աթոռի համար սեպտեմբերյան հետընտրական բորբոքված կրքերի ֆոնին, հայտնի խնջույքի ժամանակ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի գինովցած և էմոցիոնալ ելույթի տեսագրության տարածումն էր մեր երկրում հավատարմագրված բոլոր դեսպանատներին, ինչի հետևանքով, միջազգային հանրության առաջ «մեծ» պատասխանատվությունից ելնելով և մոտավորապես 10 օր ծանր ու թեթև անելուց հետո, Վազգեն Սարգսյանի հրապարակավ երեք անգամ արված հայտարարությունը այն մասին, որ եթե Վ. Մանուկյանը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքեր նախագահական ընտրություններին, միևնույնն է, ինքը թույլ չեր տա, որ վերջինս նախագահ դառնար։ 24 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը «ստիպված» զոհաբերերության պարանը ՊՆ նախարարի վզից հանեց ու դրեց ժողովրդական շարժմանը, պետությանն ու իրեն գերնվիրված, ամենագաղափարական ու ամենապետականամետ նախարարի վզին, ինչից շատ քիչ ժամանակ անց պարզվեց, որ այդ պարանը նաև մեր և իր վզին անցկացնելու ընտրություն էր, որովհետև մենք էլ ազգովին զոհաբերվեցինք «պատերազմի կուսակցությանը» և ուղիղ 20 տարի դարձանք այդ ռեժիմի պատանդն ու գերին...

Հիմա հանրության սեղանին նախօրոք և մանրամասն ծրագրված ու կազմակերպված դավադրության մեկ ուրիշ՝ ԲԴԽ երեք անդամների աղուհացի գաղտնալսված ձայնագրությունն է, որը նույն ձեռագրով, նույն դերակատարները նորից բաժանել են դեսպանատներին և նրանցից ու ՀՀ իշխանություններից պահանջում են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ ԱԺ և ընդհանրապես հայության առողջ ուժերին ու վարչապետ Փաշինյանին պիտի հորդորեմ, որ ինքներս մեզ հերթական անգամ խարակիրիի չենթարկենք, չկրկնենք Առաջին նախագահի կատարած ճակատագրական սխալը և պետությունը չտանենք այս անգամ արդեն վերջնական կործանման։

Վանուշ Շերմազանյան արձակագիր

23. 06. 2022թ.

1593