Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը միացել է AQUATECH՝ «Կայուն ակվակուլտուրայի արտադրության համար համատեղ ջանքեր՝ տեխնոլոգիական առաջընթացի միջոցով» նախագծին: Այն իրականացվում է Interreg NEXT Black Sea Basin ծրագրի շրջանակում և միավորում է 6 կազմակերպություն՝ Հայաստանից, Հունաստանից, Բուլղարիայից, Վրաստանից և Թուրքիայից։ Հայաստանի գործընկերը Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնն է:

Ծրագրի համակարգող Սոնա Խոջոյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ծրագրի մանրամասները և այն խնդիրները, որոնք դրա թիրախում են: Հիմնական հարցերն են՝ ինչպե՞ս ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության օգնությամբ ակվակուլտուրան դարձնել ավելի կայուն, արդյունավետ և դիմակայուն և ի՞նչ է անում Հայաստանն այդ ուղղությամբ: 


“Սևծովյան ավազանի ծովային տարածքները բախվում են շրջակա միջավայրի դեգրադացման, ակվակուլտուրայի ոչ կայուն գործելակերպերի և ոլորտի տնտեսական անկայունության հետ կապված լուրջ մարտահրավերների, այդ տարածքներում առկա են ջրի աղտոտվածության, ինչը սպառնում է ինչպես ջրային էկոհամակարգերի առողջությանը, այնպես էլ տեղական համայնքների կենսապահովման հնարավորություններին”,- նշեց նա։ 


Նրա խոսքով՝ Հայաստանում ծրագիրն իրականացվելու է ձկնաբուծարանների մասշտաբով, հիմնական գաղափարն է՝ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, գիտական տվյալները և տարածաշրջանային համագործակցությունը՝ ակվակուլտուրան ավելի կայուն, արդյունավետ և դիմակայուն դարձնելու համար:

«AQUATECH-ի ընդհանուր նպատակն է բարձրացնել ակվակուլտուրայի կայունությունն ու արտադրողականությունը Սևծովյան ավազանի ծրագրի իրականացման տարածքում՝ ներդնելով շրջակա միջավայրի մոնիթորինգի առաջադեմ տեխնոլոգիաներ, խթանելով շահագրգիռ կողմերի համագործակցությունը և տարածելով լավագույն գործելակերպերը», - նշեց բանախոսը։


Այս ճանապարհին կարևոր է վաղ նախազգուշացման համակարգերի ներդրումը, հիդրոդինամիկ մոդելների մշակումը, շրջակա միջավայրի համապարփակ գնահատումը, որոնք միջոցով նախագիծը նպատակ ունի բարելավել ջրի որակի կառավարումը, հիվանդությունների վերահսկումը և ակվակուլտուրայի գործունեության արդյունավետությունը։ Ըստ Խոջոյանի՝ ակնկալվող փոփոխությունը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների էական նվազումն է և ակվակուլտուրայի տնտեսությունների տնտեսական կենսունակության բարձրացումը, ինչը կնպաստի ավելի առողջ ջրային էկոհամակարգերի և ավելի դիմակայուն տեղական տնտեսությունների ձևավորմանը։


AQUATECH-ի հիմնական արդյունքներն են ավտոմատացված մոնիթորինգի կայանների տեղադրումը, հիդրոդինամիկ մոդելի մշակումը և այլն, և այս արդյունքները օգտակար կլինեն շահագրգիռ կողմերի լայն շրջանակի համար՝ ներառյալ ակվակուլտուրայի տնտեսությունների ներկայացուցիչներին, հետազոտողներին, քաղաքականություն մշակողներին և տեղական համայնքներին:
Նա ավելացրեց, որ նախագծի նախատեսվող մոտեցումը հիմնված է տեխնոլոգիական նորարարության, շահագրգիռ կողմերի ներգրավման և կարողությունների զարգացման համադրության վրա։
Նշենք, որ ծրագրի տևողությունը 30 ամիս է։

131