Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Միևնույն ժամանակ, դատախազը, օտարման գործընթացում հայտնաբերելով հանցանքի հատկանիշներ, ներկայացրել էր հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 14-ին տեղեկացրել էր նաև, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ բավարարվել է Արարատի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումը՝ անվավեր ճանաչելով Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության միջև 2008 թվականի հունվարի 27-ին անցկացված՝ 0.3 հա մակերեսով հողամասի աճուրդը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողատարածքը։

Դատախազությունը, շարունակելով ուսումնասիրել «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասերի ձեռքբերման իրավաչափությունը, հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ։

Մասնավորապես՝

Վ. Հ.-ն, 2008 թվականի հունիսի 12-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արարատի մարզպետի պաշտոնը, 2006 թվականի ընթացքում տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ. Ա.-ի, նույն ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ. Մ.-ի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ա. Ս.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը 25 տարի ժամկետով, ձևական մրցույթ անցկացնելու եղանակով, վարձակալության իրավունքով հատկացրել է Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող՝ ընդհանուր 1054.95 հա մակերեսով 4 բնապահպանական հողատարածք։

2026 թվականի օգոստոսի 10-ին Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 1054.95 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի նոյեմբերի 23-ի մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Արարատի մարզի դատախազության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, տարբեր պետական մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցրած անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և 2005-2008 թվականների ընթացքում ձևական մրցույթների արդյունքում տարբեր անձանց վարձակալության իրավունքով տրամադրել է 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողեր։

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա դատախազը 2026 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Միաժամանակ, դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։

97