Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային միջոցներն արգելափակվել են հիմնականում ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրյա հատվածներում հայտնվելու հետևանքով։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Գորիս-Հարժիս, Գորիս-Երևան, Տաթև-Լծեն, Աղվանի-Լծեն, Սիսիան-Գորիս և այլ ճանապարհահատվածներում, փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի տարբեր հատվածներում մերկասառույցի պատճառով արգելափակված 7 բեռնատար է դուրս բերվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Արգելափակումներից դուրսբերման աշխատանքներ են իրականացվել նաև Մարտունի-Գավառ, Ճամբարակ-Աղբերք, Վարդաղբյուր-Տաշիր, Վայք-Հերհեր և այլ ճանապարհահատվածներում։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։



