«Հիմնադրամը այս պահին իրականացնում է երեք հիմնական ծրագիր։ Առաջին ծրագիրը դա այն բուն ծրագիրն է, որ մենք միշտ իրականացրել ենք հատուցումներ տրամադրել միանվագ և երկարաժամկետ զոհված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դարձած և անհետ կորած զինծառայոողների ընտանիքներին։ Այս պատերազմի արդյունքներով մենք ունեցանք նաև երկու նոր` «Կամուրջ» ծրագրեր»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը, հավելելով, որ դրանք ուղղված են ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

 

Ինչպես ներկայացրեց հիմնադրամի տնօրենը, ծանր վիրավորում ստացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են միայն զինհաշմանդամության կարգ ստանում, քանզի մինչ նման կարգ ստանալը նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն և անցնեն փորձաքննություն։ Այդտեղ որոշակի ժամանակահատված կա, որ նրանք կարող են մնալ առանց ֆինանսական միջոցների և այդ նպատակով Հիմնադրամը  առաջին «Կամուրջ» ծրագիրը կառավարության հետ մեկտեղ իրականացրել և իրականացնում է։

 

«Երկրորդ «Կամուրջ» ծրագիրը անհայտ կորած զինծառայողների ընտանիքների մասով է։ Այն ընտանիքները, ովքեր ունեն զինծառայողներ, որոնց գտնվելու վայրը անհայտ է պատերազմի արդյունքներով։ Քանի որ անհայտ կորածը կամ անհայտ բացակայողը դա իրավական կարգավիճակ է, և միայն  դատարանը կարող է նման կարգավիճակ շնորհել։ Ասեմ նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն ունեցան ընտանիքները դիմել դատարան փետրվարի 10-ից հետո և հայցել դատարանից, որ վերջինս այդ զինծառայողներին տվյալ կարգավիճակը տա»,- ասաց Վարուժան Ավետիքյանը։

 

Քանի որ դատարան դիմելը որոշակի ժամանակահատված կպահանջի եւ մինչ դատարանի վճիռը ստանալը կարող է ձգվել մի քանի ամիս` այս ընթացքում ևս 6 ամսով , ինչպես ծանր վիրավորում ստացած զինծառայողների դեպքում էր, դարձյալ կառավարության հետ միասին իրականացվում է «Կամուրջ» ծրագիրը։

 

Ըստ Վարուժան Ավետիքյանի` ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնադրամը 1528 ընտանիքների է սպասարկում, կատարվել է շուրջ 14 միլիարդ դրամի ֆինանսական հատուցում։ 

 

«Վերջին պատերազմից այս կողմ ունենք 1111 ընտանիք, որոնց սպասարկում ենք։ Կատարել ենք շուրջ 12 միլիարդ դրամի հատուցումներ։ Ամեն ամիս կատարում ենք այս հատուցումները և այս թիվը աճող է»,-ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

858