Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Սիսիանի բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ 56-ամյա մի տղամարդ Կապանի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և 120-ից ավելի փամփուշտ։

Սիսիանում բնակվող մի տղամարդ էլ Սիսիանի բաժին էր բերել առանց գործարանային համարի նռնականետ, որը, ըստ նրա, ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել նկուղում։ Արդյունավետ էր նաև Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ջերմուկում բնակվող մի տղամարդ բաժնում հանձնել է ինքնաշեն թմբուկավոր հրացան ու 5,6 մմ տրամաչափի 30 փամփուշտ։

Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, ինքնաձիգի փամփշտատուփը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու փամփուշտները ոստիկանության Նաիրիի բաժնում հանձնել է Զովունիում բնակվող մի տղամարդ՝  բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Նաիրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Եղվարդում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել գործարանային համարով հրացան ու ինքնաձիգի 50-ից ավելի փամփուշտ։ Դատարակ պահունակով «Մակարով» ատրճանակը ոստիկանության Կումայրիի բաժնում հանձնել է Գյումրիում բնակվող մի տղամարդ։ Բացատրական աշխատանքն իրականացրել են բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները։

Մարտունիի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ հանձնել է գործարանային համարով «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, որը, ըստ նրա, պատկանել է հանգուցյալ հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

391