Մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:

Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից Հռոմի պապին նվիրված նամականիշով աղմկահարույց գեղաթերթիկ է մարվել: 

Այդ նամականիշի վրա պատկերված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը: 

Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավարևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են:  Նամականիշի վրա պատկերված են Հաթայը, Շանլըուրֆան, Մարդինը, Հաքքարին, Քահրամանմարաշը, Սիվասը (Սեբաստիա), Մալաթիան, Դիարբեքիրը, Մուշը, Վանը, Էրզրումը, Էրզինջանը (Երզնկա), Կարսը, Աղրըն և այլ նահանգներ: 

Նշենք, որ այս քարտեզը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։ 

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրբիլի իշխանությունները փաստորեն իրականացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) քարոզչությունը: Որոշ լրատվամիջոցներ էլ միջադեպը բնութագրել են իբրև սադրանք: 

Թեմային արձագանքել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (PKK-ՔԲԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը: Նա հայտնել է, որ այդ քարտեզները ժամանակ առ ժամանակ պատրաստվում և տարածվում են տարբեր շրջանակների կողմից: 

«Տեսանք խնդրո առարկա քարտեզը: Այդ ամենը սուտ է ու կեղծ: Նախկինում այդպիսի քարտեզ Ֆրանսիայում էլ էր հայտնվել: Երբեմն դա անում է նաև Հայաստանը: Մենք կարծում ենք, որ որոշ շրջանակների մտքում Թուրքիայի դեմ թշնամանք հարուցող ինչ-որ բաներ կան»: 

 

 

Աղբյուր`  Ermenihaber.am

214