Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին:

Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Վրաստան։ Նա ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, որի պահպանման ու շարունակման գործում կարևոր դեր են ունեցել և ունեն Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները։ Նա նշել է, որ երկու եկեղեցիները նաև կարևոր դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնական այցն ուղղված է բարեկամության պատմական ավանդույթներ ունեցող երկու ժողովուրդների ներկա հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարների քննարկմանը։

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև ներկայի մարտահրավերների մասին՝ նշելով, որ բարդ ժամանակներ են ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի համար. «Հայաստանն անցավ պատերազմի դժոխքի միջով, և հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստ ունեցանք։ Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների և ընտանիքների հետ են: Ու մենք ամեն ինչ պետք է անենք ապագայում ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան ունենալու համար»։

220