Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներ Շոթա Մարտիկյանը և Արման Եղիազարյանը Ռուսաց լեզվի 5-րդ Հանրապետական ուսանողական օլիմպիադայի հաղթողներից են:

Մրցույթն անցկացվեց գրավոր՝ երկու փուլով: Առաջին փուլին մասնակցելու համար ներկայացված էր 118 հայտ Հայաստանի 12 պետական բուհից: Առաջին փուլի լավագույն աշխատանքերի 18 հեղինակ մասնակցեց մրցութային եզրափակիչ հանդիպմանը, որը կայացավ ապրիլի 30-ին:

Իր երախտագիտությունը հայտնելով Օլիմպիադայի կազմակերպիչներին՝ ԵՊԲՀ հաղթող ուսանող Շոթա Մարտիկյանը նշեց, որ պատրաստ է մասնակցել նոր մրցույթների, որոնք սովորեցնում են լինել գրագետ, մրցունակ, կրթված և բազմակողմանի զարգացած:

Օլիմպիադայի բոլոր մասնակիցներն արժանացան նվերների և մասնակցությունը փաստող հավաստագրերի: ԵՊԲՀ ուսանողներն առանձնացան լեզվական պատրաստվածության բարձր մակարդակով և լայն աշխարհայացքով: Նրանք են Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներ Հայկ Սարոյանը, Սոնե Հարությունյանը, Մարիա Մարդոյանը, Նատալի Ջհանգիրյանը, Անուշ Եսայանը, Էլիզա Մկրտչյանը, Մարինե Գալստյանը, Անահիտ Մկրտչյանը, Անահիտ Մուսախանյանը և այլք:

ԵՊԲՀ թիմի համար պատասխանատու էր Օտար լեզուների ամբիոնի դոցենտ Սվետլանա Նալբանդյանը:

Օլիմպիադայի կազմակերպիչներն էին Երևանում Ռուսական տունը և Հայաստանում ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիան:

Նշենք, որ ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնը մշտապես աչքի է ընկնում նման միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ՝ խրախուսելով ուսանողների կողմից լեզվական հմտությունների զարգացումը:  

 

03 Մայիս, 2021 13:23
113
; ;