Գարիկ Աճեմյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 12-ին Կոտայքի մարզում։ Քրոջ՝ Վարդուհու խոսքով՝ Գարիկը շատ է սիրել իր ծննդյան օրը, հատկապես, երբ հնարավորություն է ունեցել անցկացնել այն իր ընկերների եւ մտերիմների հետ։

«Գարիկս շատ ընկերասեր էր, սիրում էր նշել ծնունդն իր ընկերների հետ,- արցունքն աչքերին պատմում է նրա քույրը։- Բայց այս տարի որոշել էր 19-ամյակը նշել իր ավագ եղբոր՝ Կարենի հետ, որը նույնպես պատերազմի մասնակից է։ Միշտ ասում էր, որ շատ է կարոտել Կարենին՝ դե 1 տարի չեն տեսել իրար։ Ծնունդին պիտի անակնկալ  հավաքույթ  կազմակերպեինք»։

Հարազատների հետ վերջին հեռախոսազրույցում հերոսն ասել է, որ շատ է կարոտում քրոջը, հորը, մորը եւ մնացածին։ Գարիկը միշտ եղել է ժպիտը դեմքին եւ կենսուրախ ու չնայած նրան, որ խոսում էր պատերազմի դաշտից, որտեղ ընթանում էին թեժ մարտեր, հարազատները հեռախոսի մյուս կողմում զգում էին Գարիկի ժպիտը։

Վերջին անգամ քրոջ հետ Գարիկը խոսել է սեպտեմբերի 25-ին, այդ ժամանակ նա արդեն դիրքերում էր։ Քրոջ անհանգիստ հարցերին, թե ինչ է նա անում դիրքերում, ինչու է այնտեղ, արդյոք ամեն ինչ նորմալ է, Գարիկը խիստ տոնով պատասխանել է․ «Վարդ, էդ ռազմական գաղտնիք ա»։ Գարիկը ընկավ սեպտեմբերի 27-ին, թեժ մարտերի ընթացքում։

Այսօր Գարիկը կդառնար 19 տարեկան։ Ծնունդը նա, ինչպես ամեն տարի, պիտի նշեր ընտանիքի եւ ընկերների շրջապատում։ Ընտանիքի անդամների հետ խոսելիս Գարիկը ամեն անգամ ասում էր, որ անհանգստանում է հարազատների համար, շատ է մտածում եւ ուզում է, որ իրենց լավ նայեն, մինչեւ ինքը գա։ Սակայն նա գնաց դեպի հավերժություն, որ մյուս տղաների հետ միասին արդեն վերեւից պաշտպանի իր մտերիմներին․․․

Մարիամ Գեւորգյան

753