
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ:
Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:
Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որն ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ., կշարունակվի նաև հետագա տարիներին:
Հուշագրի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստան-Հունգարիա բարեկամական հարաբերությունների խորացմանը:
Հունգարական կողմը ՀՀ քաղաքացիների համար առաջարկում է տարեկան առավելագույնը 30 կրթաթոշակ՝ Հունգարիայի բուհերում ինչպես հունգարերեն, այնպես էլ այլ օտար լեզվով ուսումնառության համար: Առաջնահերթությունը տրվում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև բժշկության և առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներին։
Կրթաթոշակները տրամադրվում են բակալավրիատում (BA/BSc), մագիստրատուրայում (MA/MSc) և մեկաստիճան մագիստրատուրայում (OTM) առկա ուսուցմամբ, ինչպես նաև դոկտորանտուրայում (PhD/DLA) երեքից տասը ամիս տևողությամբ կրեդիտային համակարգով հեռակա ուսուցում ստանալու համար: Տարբեր մակարդակներում առկա ուսուցման ծրագրերի ցանկը հրապարակվում է «Տեմպուս» հասարակական հիմնադրամի էջում (www.tpf.hu):