Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։

Ներկայացվել են առաջիկա երկու տարվա համար հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ինչպես նաև արձակուրդների ժամկետները: Առանձին հավելվածներով տրված են ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների նախագծերը, որոնց վերաբերյալ ներկայացվել են ընդհանրական պարզաբանումներ: Ուսպլանի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 15-ը:

Փոփոխություններ

Միանգամից երկու տարվա ուսպլանի հաստատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փորձարկումից հետո կներդրվի բոլոր դպրոցներում, որից հետո ԿԳՄՍ նախարարությունն օրինակելի ուսումնական պլաններ չի հաստատի: Ուսումնական պլանը կդառնա դպրոցի կողմից հաստատման ենթակա փաստաթուղթ՝ դպրոցին տալով ինքնավարության հնարավորություն:

ԿԳՄՍ նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։ Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ դպրոցն ուսումնական պլան հաստատի ամեն տարի, քանի որ շատ կարգավորումներ և մոտեցումներ շարունակական են։ Այս տրամաբանությամբ էլ ներկայացված նախագիծը միաժամանակ 2 ուստարիների համար է՝ հաշվի առնելով, որ 2022-2023 ուստարվա համար փոփոխության ենթակա են միայն ժամկետների վերաբերյալ կարգավորումները:

Կարևոր փոփոխություն է առաջարկվող նոր ձևաչափը. նախկինում տրված էին ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի համար առանձին ուսումնական պլաններ: Մինչդեռ դրանք իրարից տարբերվում էին մի քանի մասնավոր դեպքերում, որոնք առաջարկվող նախագծում ներառված են նույն հավելվածի մեջ՝ նշելով տարբերակվող կետերը։

Նոր չափորոշչի ներդրում

Ուսումնական պլանի առաջարկվող նախագծում կատարվել են մի շարք այլ փոփոխություններ ևս՝ նոր չափորոշչի ներդրումն աստիճանական և դյուրին դարձնելու նպատակով:

Փոփոխություն թեմատիկ գրավոր աշխատանքի ձևաչափում

Առաջարկվում է փոփոխության ենթարկել թեմատիկ գրավոր աշխատանքներ կազմակերպելու ձևը: Թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում) այն նախատեսվում է կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։

Գնահատման փոփոխություն

Գնահատման փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն. դպրոցներին այս հարցում տրվում է ինքնուրույնություն։ Բանավոր հարցումների, գործնական աշխատանքների, թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ, առաջնորդվելով նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։

Հավասար հնարավորություններ

Ստեղծվում են նախադրյալներ առանձին գործող ավագ և միջնակարգ դպրոցներում սովորողների հավասար հնարավորությունների համար: Ըստ այդմ` հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում, ֆինանսական միջոցների առկայութան դեպքում, հնարավորություն է տրվում առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն։

Հաշվի առնելով, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, ակնկալվում է, որ այս կարգավորումը կմեծացնի գյուղական բնակավայրերի սովորողների՝ բուհերում սովորելու հնարավորությունը։

Դասավանդման նոր մոտեցում

«Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը այլևս կարող է բաժանվել ոչ թե տղաների և աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա սովորողներին հնարավորություն է տալիս ընտրել այն ուսումնական նյութը, կարողությունները, որոնք ցանկանում են զարգացնել։

Հնարավորություն է տրվում արվեստի և սպորտի դասաժամերը դասացուցակում բաշխել այնպես, որ այդ առարկաների՝ ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերն իրականացվեն շաբաթվա նույն օրը։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը, և վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը

12-րդ դասարանում սովորողն իր տնօրինմանը հատկացված շաբաթական 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ դպրոցում կամ այլ հաստատություններում: Սա նշանակում է, որ դպրոցները կարող են արդյունավետ համագործակցություն զարգացնել արտադպրոցական տարբեր հաստատությունների, մասնագիտացված կառույցների հետ՝ հիմքեր ստեղծելով կրեդիտային համակարգի ներդրման համար։

Առաջիկայում հանրային քննարկման կդրվի նաև նոր չափորոշիչը փորձարկող դասարանների համար ուսումնական պլանի նախագիծը։

134