Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 192 է։

Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 հիմնական դպրոցում։

Մեդալի կենտրոնացված քննությանը հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն այցելել են ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, որտեղ այսօր քննություն են հանձնել մեդալի 50 հավակնորդ։ Շիրակի և Սյունիքի քննական կենտրոններում քննություն է հանձնել համապատասխանաբար 34 և 24 հավակնորդ։

Մնացած հավակնորդները հանձնելու են ընդունելության միասնական քննություն, որը հիմք կհամարվի նաև գերազանցության մեդալի տրամադրման համար (18 միավոր և բարձր ստանալու դեպքում)։

Մեդալի հաջորդ՝ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 23-ին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում քննությունների ընթացքին հետևելուց բացի, ծանոթացել է դպրոցում ընթացող նորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալն ու նախարարության ներկայացուցիչները շրջել են դպրոցում, որտեղ ներկայում ընթանում է ձեղնահարկի և կտուրի վերակառուցում։ Դպրոցի տանիքային հարկը կդառնա լաբորատորիաների սրահ․ այդտեղ նախատեսվում է ռոբոտաշինության և ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաների հիմնում։ Նորոգման և տեխնիկական հագեցվածության ապահովման հարցերում աջակցում են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի նախկին շրջանավարտները։

Այս տարվա մայիսին դպրոցում բացվել է նաև հրաձգարան, տեղադրվել են հիշատակի եղևնի և հուշաքար՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ուսումնական հաստատության զոհված շրջանավարտների։

878