ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առաջիկա 5 տարիներին մենք պլանավորում ենք ապահովել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Կրկին ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Այսինքն՝ կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք կատարելապես:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները՝ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ՝ դժվար է անվանել: Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապշրջափակվեն և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ՝ այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021 թ.-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ:

Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար: Եվ սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար:

Այսօր այս հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես, այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես մեր գերեվարված եղբայրներին վերադարձնելու մասով:

Այնուամենայնիվ մեր 15 գերիների վերադարձը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք: Բայց կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ, օր առաջ, առանց հակահումանիստական ու հակամարդկային սակարկությունների:

Հայաստանն արտահայտում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու և մեր այդ դիրքորոշումը մեր բոլոր միջազգային գործընկերները տեսել են ու համոզվել դրանում:

Իմ ելույթը Հանրապետության հրապարակի հանրահավաքին»։

1098