Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը բացառիկ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։

Այս մասին գրում է Շրջակա միջավայրի նախարարությունն ու հիշեցնում, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝

առևտրի օբյեկտներում,

առևտրի իրականացման վայրերում,

շրջիկ առևտրի կետերում,

շրջածախ առևտրի կետերում,

ինչպես նաև բացօթյա առևտուր իրականացնելիս։

Արգելքը չի վերաբերում՝

կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին

երկրորդային հումքից արտադրված տոպրակներին։

Ըստ նախարարության գրառման, պլաստիկ թափոնը, լինի գետում, օվկիանոսում, թե ցամաքում՝ դարերով կարող է պահպանվել և եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա 2050թ․ օվկիանոսներն կարող են պարունակել ավելի շատ պլաստիկ, քան ձուկ։ Այն նույն հատկանիշները, որոնց շնորհիվ պլաստիկն ունի մեծ կիրառություն, այն է՝ երկարակեցությունը և քայքայման նկատմամբ կայունությունը, պատճառ են հանդիսանում բնության մեջ վերջիններիս ամբողջական քայքայման անհնարինությանը։

Պլաստիկ առարկաներից շատերը ամբողջությամբ չքայքայվելու արդյունքում գնալով փոքրանում են և հաճախ սննդի հետ յուրացվում գյուղատնտեսական կենդանիների և ձկների կողմից։ Ներթափանցելով ջրատար համակարգ՝ պլաստիկ թափոնները և հատկապես պլաստիկ տոպրակները բարձրացնում են վարակիչ հիվանդությունների տարածման հավանականությունը։ Բարեբախտաբար աշխարհն արդեն հասցեագրել է այդ մարտահրավերը և կառավարությունները սկսել են գործել։

312