Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է 15 հայ գերիների վերադարձին։

Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 15 գերիների ազատ արձակումը: Նա թվիթերյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով այս թեմային։

«Հիանալի նորություններ Բաքվից և Երևանից։ Լավ է, որ ավելի շատ ձերբակալվածներ ազատ արձակվեցին։ Կարևոր է նաև, որ ականապատ տարածքների քարտեզներ են տրամադրվել, ինչը կօգնի կանխարգելել հնարավոր դժբախտ դեպքերը»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Հավելենք, որ հենց ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի՝ ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում:

Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

Աղբյուր՝ armeniasputnik.am

1985