Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք։ 

 ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին, ժամը 11:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ Գ․ Տ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ջրից դուրս են բերվել տեղի ուժերով․տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Որոնողական աշխատանքները դադարեցվել էին մթության պատճառով:

Հուլիսի 5-ին, ժամը 06։10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։ Ժամը 10:02-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Գ․Տ․-ի (ծնված 1991 թ․) դին։

881