AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի ուսանողուհի Տաթևիկ Մանուկյանն է:

Տաթևիկ, ինչպե՞ս նախապատվությունը հենց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնին տվեցիք:

Իրականում՝ այսօր գրեթե հազվադեպ են այնպիսի դիմորդները, ովքեր նախապատվություն տալիս են ոչ այնքան ակտուալ մասնագիտությունների, ինչպիսին մշակութաբանությունն է, բայց այնուամենայնիվ դիմորդների այդպիսի ընտրությունը ևս խնդրահարույց է իմ կարծիքով, որովհետև մենք հումանիտար շատ բնագավառներում՝ ինչպես մշակութաբանության բնագավառում ունենք մասնագետների ահռելի պահանջ, նամանավանդ այսօրվա իրավիճակում, երբ մեր դարավոր նյութական մշակութային ժառանգությունը բառից բուն իմաստով ոչնչացվում և պղծվում է։

Ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում ապագա մշակութաբանները:

Մշակութաբանության ամբիոնը երևի թե այն եզակի ամբիոններից մեկն է, որտեղ պրոֆեսորադասախոսական կազմը առարկաների ընտրության հարցում մեծամասամբ նախապատվությունը տալիս է առավել ժամանակակից առարկաների դասավանդմանը, որոնց թվում սոցիալ֊մշակութային մարդաբանությունն է, մերձավորարևելյան, կովկասյան, հայ միջնադարյան մշակույթը, դրանց  առանձնահատկությունները և այլն։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի շրջանավարտը ո՞ր ոլորտներում կարող է աշխատել:

Թյուր կարծիք կա, որ մշակութաբանություն բաժնի շրջանավարտների համար աշխատանքային ոլորտները այնքան էլ բազմազան չեն, և ես ուզում եմ կոտրել այդ կարծրատիպը ու հավաստիացնել, որ ներկայիս գլոբալացման գործընթացներում մշակութաբանական ոլորտում աստիճանաբար զարգացում է նկատվում։ Մասնավորապես, մշակութաբանը կամ մշակութային մարդաբանը իր ուրույն գործունեությունը կարող է ծավալել մարդաբանական հետազոտությունների ոլորտում, հնագիտական, մշակութային, ճարտարապետական, թանգարանային, տուրիզմի և այլ ոլորտներում։

Ի՞նչ լեզուներ են ուսումնասիրում ապագա մշակութաբանները:

Կրթական գործընթացի սկզբում հիմնական երկու լեզուները, որը ուսումնասիրվում է ռուսերենը և անգլերենն են, բացի այն ներկայումս մասնագիտական գրականությունը ևս այդ երկու լեզուներով է։ Իրականում լեզուների ուսումնասիրման հարցնում որևէ սահման կամ արգելք չկա՝ կախված է ապագա մասնագետի հայեցողությունից, քանի որ որևէ ժողովրդի մշակույթ ամբողջությամբ ընկալելու համար առաջնահերթը հենց լեզվի իմացությունն է, որը և՛ խթան, և՛ արգելք է հանդիսանում մշակույթների բախման գործընթացում։

Ո՞ր հաստատություններում են իրենց փորձաշրջանն (պրակտիկա) անցնում ձեր բաժնի ուսանողները:

Բաժնի ուսանողների համար պրակտիկ գործընթացը ևս բազմաբնույթ ու բազմաբովանդակ է։ Ասել հաստատություն, մի փոքր այլ է, քանի որ մշակութաբանի աշխատանքը անընդհատ շրջել և պրպտել է պահանջում։ Լինում ենք թանգարաննելում, խաչքարադաշտերում, միջնադարյան Երևանի ճարտարապետական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող վայրերում, վաղ և ուշ միջանդարյան եկեղեցիներում, վանքերում և այլուր։

Ի՞նչ  մագիստրոսական ծրագրեր են գործում մշակութաբանության ոլորտում մասնագիտանալ ցանկացող անձանց համար:

Բաժնում ուսանել ցանկացող մագիստրոսները հնարավորություն ունեն ուսումնասիրել մշակութաբանության, մշակույթի տեսության և պատմության, մշակութային քաղաքականության, ժամանակակից մշակութային գործընթացներին վերաբերող բոլոր հարցերը և խնդիրները։ Բացի այդ, ամբիոնը նաև համագործակցում է ոլորտի տարբեր հաստատությունների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ապա կրթական ծրագրում ի՞նչ փոփոխություններ կանեիք:

Չեմ կարծում, որ կրթական ծրագրում որևէ փոփոխություն անելու կարիք կա, որովհետև այն ամենը ինչ այսօր մատուցվում է մեզ իսկապես սպասվածից ավելին է թե՛ որակապես, թե՛ մնացած բոլոր առումներով։ 

Ո՞ր երկրի մշակույթն է Ձեր վրա հատկապես ազդեցություն գործել:

Այս առումով յուրաքանչյուր երկիր ունի իր մշակութային առանձնահատկությունները, դրանք ավանդույթների, ծեսերի, արարողակարգերի առանձնահատկություններն են, բայց ինձ համար ավելի յուրօրինակ ազդեցություն թողել է Արաբական աշխարհի մշակույթը, իսլամական մշակույթը, կրոնը և նրանց առանձնահատկությունները 

Ո՞ր առարկաներից է հարկավոր ընդունելության քննություն հանձնել հենց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժին ընդունվելու համար: Առարկայական այդ ցանկի հետ կապված Դուք առարկություններ կամ նորովի առաջարկներ ունե՞ք:

Երբ ես էի մասնակցում ընդունելության քննություններին հարկավոր էին հայոց լեզու, հայոց պատմություն կամ օտար լեզու առարկաները, հիմա կարծում եմ ևս անփոփոխ է ընդունելության առարկայական ցանկը։ 

Առարակայական ցանկի հետ կապված իմ առաջարկությունը այն կլիներ, որ պարտադիր լիներ ոչ թե կամ հայոց պատմությունը, կամ օտար լեզուն, այլ երկուսն էլ պարտադիր լինեին, որովհետև ուսանողներին իսկապես անհրաժեշտ է և՛ պատմության, և՛ օտար լեզվի իմացությունը։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա մշակութաբաններին:

Խորհուրդ կտամ մասնագիտության ընտրության հարցում լինել ավելի համարձակ, որովհետև մշակութաբանությունը այսօր իսկապես եզակի և պահանջված մասնագիտություն է, երևի թե ավելի շատ ռեալիստական գաղափարների հետևել և լինել ռեալիստ, լինել կասկածամիտ, քանի որ հաջողության հասնելու համար չպետք է հենվել մեկ իրողության վրա, այլ ուսումնասիրել մի քանի իրողություն և վերծանել միայն դրանցից մեկը, և իհարկե, մոտիվացիա և մեծ հաջողություններ մասնագիտական բնագավառում։

Օլյա Շահինյան

 

20 Հուլիս, 2021 16:42
507
; ;