Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ` «Cure2Children» բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ, Արյունաբանական կենտրոնի թիմն իրականացրել է մանգաղաձև բջջային անեմիայով երեխաների` դոնորից վերցված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում:

Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը Հայաստանում աննախադեպ է, բացում է մեծ հնարավորություններ բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակ հիվանդների համար։

Այս առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի:

«Ժամանակի ընթացքում, երբ մեր մասնագետները բավականաչափ փորձառություն ձեռք կբերեն և ոսկրածուծի փոխպատվաստումը  լայնածավալ  մասշտաբ կստանա Հայաստանում, այդ ժամանակ պացիենտներն արտերկիր մեկնելու կարիք չեն ունենա: Բացի այդ, բուժման այս մեթոդի ներդրումը նոր թափ կհաղորդի Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտների զարգացմանը, ինչն ուղղակի ազդեցություն կունանա ինչպես կլինիկական բժշկության, այնպես էլ գիտության վրա»,- հայտնել է  Գևորգ Սիմոնյանը` հավելելով, որ արտերկրից հիվանդների ժամանումը Հայաստան, լուրջ հնարավորություն է ստեղծում մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար։ Ոսկրածուծի ալոգեն փոխպավաստում չի կատարվում տարածաշրջանի շատ երկրներում, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ բժշկական միջամտության արժեքը հասնում է հարյուր հազարավոր դոլարների, ինչն անհասանելի է դարձնում բուժման այս մեթոդը շատ հիվանդների համար։ Հայաստանում այս մեթոդի արժեքը կարող է զիջել` դարձնելով մեր երկիրը բավականին մրցունակ։ Հիվանդների ներհոսքը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ և նպաստել նաև այդ տարածաշրջաններից այլ բժշկական խնդիրներով հիվանդների ժամանելուն։

 ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է, որ իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլկների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի /ArmBMT/` ի դեմս ոսկրածուծի փոխպատվաստման մանկական խմբի ղեկավար Լուսինե Քրմոյանի, մանկաբույժ Մանե Գիժլարյանի և ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի ջանքերով, առաջին ալոգեն փոխպատվաստումը կատարվել է Նիգերիայից 5 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է իր զույգ քույրը և Կամերունից 1․8 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է 12 տարեկան եղբայրը։ Երկուսի մոտ էլ առկա է եղել մանգաղաձև բջջային սակավարյունություն:

Մանգաղաձև բջջային անեմիան կյանքի համար վտանգավոր, ծայրահեղ ծանր արյունաբանական հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է աֆրիկացիների շրջանում, և մինչ օրս դրա առողջացման միակ եղանակը ոսկրածուծի փոխպատվաստումն է։ Այդ եղանակով հնարավոր է առողջացնել մանգաղաձև բջջային անեմիայով պացիենտների շուրջ 85%-ին։

Նշենք, որ երեխաներն այս պահին արդեն բարեհաջող անցել են հետփոխպատվաստումային առաջին փուլը և դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ։

«Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որպես արդի արդյունավետ բուժական միջամտություն, կարող է ներդրվել մեր երկրում արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար»,- ընդգծել է Սամվել Դանիելյանը:

Հարկ է հիշեցնել, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեր հիվանդները նույնիսկ աուտոգեն փոխպատվաստման համար մեկնում էին արտերկիր, իսկ հիմա այն հաջողությամբ իրականացվում է Հայաստանում, ընդ որում` շատ դեպքեր մասնակիորեն փոխհատուցվել են պետության կողմից:

282