Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ, որը սփոփիչ գոտեմարտում իր հերթին 11։1 հաշվով պարտության է մատնել թունիսցի Լամջեդ Մաաֆիին։

Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ  5:0 հաշվով հաղթեց 2021 թ. Ասիայի չեմպիոն ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին: Քառորդ եզրափակիչում մրցելով 2018 թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող՝ 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ և հաղթանակ տոնելով 2։1 հաշվով՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ  պարտվեց 2։6 հաշվով Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովին։ 

 

2012 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016-ի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն՝ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչում. 4։1 հաշվով փառահեղ հաղթանակ տոնեց Ղրղզստանը ներկայացնող Ուզուր Ջուզուպբեկովի նկատմամբ: 

Արթուրը ոսկե մեդալի համար մրցագորգում կպայքարի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ:

 

 

6830