Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում օգոստոսի 8-ին ավարտվեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ 

Հայաստանի ազգային հավաքականը Օլիմպիական խաղերին ներկայացրել է 17 մարզիկների 9 մարզաձևերում՝

հունահռոմեական ոճ՝ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ),

ազատ ոճ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ),

բռնցքամարտ՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Հովհաննես Բաչկով (63կգ), Արման  Դարչինյան (75 կգ),

սպորտային մարմնամարզություն՝ Արթուր Դավթյան,

հրաձգություն՝ Էլմիրա Կարապետյան,

ծանրամարտ՝  Իզաբելա Յայլյան  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109կգ),

ձյուդո՝ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ),

լող՝ Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան,

աթլետիկա՝ Լևոն Աղասյան։

Հայաստանի հավաքականը Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճեց 2 բրոնզե և 2 արծաթե մեդալ։ Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է 47-րդ տեղը։

Առաջին բրոնզե մեդալը Հայաստանի համար նվաճել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Հենացատկերի վրա վարժությունում եզրափակիչ դուրս գալու համար վաստակել է 14․866 միավոր, իսկ օգոստոսի 2-ին եզրափակիչ փուլում՝ 14․733 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Արթուրի բրոնզե մեդալը Հայաստանի համար հավասար էր ոսկե մեդալի, քանի որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան 40 տարի Օլիմպիական խաղերին ոչ մի գույնի մեդալ չէր նվաճել, և սա առաջինն էր։

Նույն օրը՝ օգոստոսի 3-ին, րոպեների տարբերությամբ, արծաթե մեդալներ նվաճեցին ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Սիմոն Մարտիրոսյանը,նվաճելով արծաթ, կրկնեց 2016 թվականի Օլիմպիական խաղերի արդյունքը։ Երկամարտում գրանցեց 423 կգ (195+228) արդյունք։ Սիմոնի քաշայինում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ուզբեկստանը ներկայացնող ծանրորդ Ակբար Ջարուևը։ 

Արթուր Ալեքսանյանը անցկացրեց չորս գոտեմարտ, որոնցից երեքում փայլուն հաղթանակ տոնեց, սակայն եզրափակչում 5։1 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին և դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Օլիմպիական խաղերին վերջին բրոնզը Հայաստանի համար նվաճեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Նա հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013 թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի նկատմամբ (4։1)։ Սակայն եզրափակիչ հասնելու համար Բաչկովը պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

1256