Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ նախատեսում է բաց քննարկում շուրջ 150 երիտասարդի մասնակցությամբ նրանց ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ:

Այս տարի Երիտասարդության միջազգային օրը կրում է «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը՝ հանուն մարդու և մոլորակի առողջության» խորագիրը: «Լոֆթ» կենտրոնում քննարկումն ինտերակտիվ անցկացնելու համար ընտրվել է «ակվարիում» (‎fishbowl) ձևաչափը:

Ըստ «ակվարիում» ձևաչափի՝ սրահը բաժանվում է հավասարապես 4 մասի (գունային տարանջատմամբ)։ Յուրաքանչյուր ուղղություն ունենում է իր թեման/խորագիրը, որի համար հրավիրվում են համապատասխան փորձագետ/ոլորտի ներկայացուցիչ և յուրաքաչյուր թեմայի համար՝ տվյալ թիրախի մասնակիցներ: Յուրաքանչյուր թեմայի մասնակիցների թիվը պայմանականորեն 25-ն է:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, միջոցառման արդյունքները կամփոփեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Քննարկման 4 տարբեր ուղղություններն ու հրավիրած խոսնակ-փորձագետներ են՝

  • Կրթություն (կապույտ թև), «Նորարար գիտություն և ալտերնատիվ կրթություն», խոսնակ՝ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյան,
  • Երիտասարդական մարզային ծրագրեր (շագանակագույն թև)| «Երիտասարդների համաչափ սոցիալական զարգացում», խոսնակ` Macro Lab կազմակերպության հիմնադիր Մայիս Մարգարյան,
  • Երիտասարդության զբաղվածություն (նարնջագույն թև) | «ԲՈՒՀ-ից մինչև գործատու», խոսնակ՝ Cascade People & Business-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյան,
  • Պարենային համաշխարհային անվտանգություն (կանաչ թև) | «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը հանուն մարդու և մոլորակի առողջության», խոսնակ՝ ՀՀ էնոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան:

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ նաև 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաք Կապանում:

Երիտասարդության միջազգային օրը որպես ՄԱԿ-ի հաստատած տոն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին: Երիտասարդության միջազգային օրվա նպատակն է հիշեցնել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև ծառացած ամենօրյա խնդիրների մասին:

152