Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհավորել է պարոն Գալագերին Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առկա համագործակցության բարելավման և ավելի բարձր նշաձողեր սահմանելու գործին։

Դեսպան Գալագերը ևս շնորհավորել է նախարար Ռոմանոս Պետրոսյանին վերանշանակվելու կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ չափազանց հետաքրքրված է բնապահպանության ոլորտով։ Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերն ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք էլ կքննարկվեն հանդիպման ընթացքում։

Կողմերը քննարկել են ս․թ․ նոյեմբերի 1-12-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը։

«Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովի անցկացումը և բարձր է գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված նման կարևորագույն միջոցառման կազմակերպումը պատշաճ իրականացնելու նպատակով, նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ սա լավագույն հնարավորությունն է շրջակա միջավայրին սպառնացող ամենավտանգավոր բնապահպանական հետևանքները կանխելու համար»,- նշել է նախարար Պետրոսյանը։

Նախարարը խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետին Մեծ Բրիտանիայի Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից ս.թ. նոյեմբերի 1- 2-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի բարձրաստիճան հատվածի՝ աշխարհի առաջնորդների վեհաժողովին մասնակցության հրավերի վերաբերյալ և հայտնել, որ առայժմ ընթացքի մեջ են ՀՀ վարչապետի մասնակցության և Հայաստանի պատվիրակության կազմի վերաբերյալ քննարկումները։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կրկին անգամ կարևորել է համաժողովին Հայաստանի մասնակցությունը և ներկայացրել նախարարության կողմից կլիմայական օրակարգում իրականացված աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և անտառկառավարման քաղաքականության մշակմանը։

Աննա Մազմանյանը խոսել է էլեկտրական շարժիչով մեքենաների շահագործման վերաբերյալ, ներկայացրել Հայաստան դրանց ներկրումների թվի դրական դինամիկան և ցանկություն հայտնել Մեծ Բրիտանիայի Թագավորության հետ դրանց շահագործումն ընդլայնելու փորձի փոխանակում իրականացնել։

Անդրադարձ է կատարվել Կլիմայական օրակարգին։ 2021 թվականի մայիսի 13-ին Կառավարության կողմից ընդունվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։

Նախարարն անդրադարձել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված ծրագրերին։

Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բնապահպանության, պարենի և գյուղատնտեսության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագրի» նախագիծը, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ` նպաստելով շրջակա միջավայրի կառավարման համակարգի բարելավմանը։

Նախագիծը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է բրիտանական կողմի՝ն ստորագրման գործընթացը կազմակերպելու նպատակով։

«Շրջակա միջավայրի նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը վերանայել և վերսկսել գործընթացը՝ բարձր գնահատելով Միացյալ թագավորության առաջադեմ փորձը և խոշորագույն ներդրումը շրջակա միջավայրի, մասնավորապես կլիմայի փոփոխության ոլորտում»,- նշել է նախարարը։

Դեսպան Գալագերն իր հերթին խոստացել է քննարկել և վերսկսել գործընթացը։

Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը խոսել է 2021 թ. հուլիսի 6-ին ընդունված Միավորված Ազգերի Կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման վերաբերյալ:

Արդյունքում հնարավոր կդառնա ապահովել ՄԱԿ-ի Կլիմայի կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման գործընթացի համակարգումը։

Հանդիպման ավարտին նախարար Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել՝ հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկրների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը։

297