«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման մասնակից լրագրողները, «Հայաստան» խմբակցության պատգամավորները դժգոհում են՝ ՔՊ-ն Զանգվածային լրատվությանն առնչվող նախագիծ է հեղինակել՝ առանց լրագրողների, խմբագիրների հետ քննարկումների: Բացի այդ նրանք նախագծում տեսնում են մի շարք խնդիրներ:

ՔՊ-ի ներկայացրած նախաձեռնությամբ, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է սահմանել, որ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումը նախաձեռնած պատգամավոր Էլինար Վարդանյանը նախ նշեց, որ սկզբնական փուլում ներկայացված նախագիծը, ըստ իրենց, շատ ավելի վատ ձևակերպումներ է ունեցել, հետագայում  ներկայացվել է լրամշակված տարբերակը, սակայն առանց լրատվամիջոցների հետ քննարկումների: «Քննարկում եղել է միջազգային կառույցների հետ, ինչպես նշեցին նախագծի հեղինակները՝ փորձագետների հետ: Նախագծով փորձ է արվում տալ «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը: Մտավախությունը, որ ես ունեմ, այն է, որ այդպես փորձ է արվում «անանուն աղբյուր» հասկացությունը ծածկել: Ըստ էության լրատվամիջոցներն «անանուն աղբյուր» օգտագործելու հարցում ունեն պաշտպանվածություն, և «չնույնականացվող աղբյուր»-ի օգտագործմամբ՝ կփորձեն ինչ-որ կերպ նաև այդ հարցին անդրադառնալ»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ չի կարելի շահառուների հետ չքննարկել փոփոխությունների նախագիծը: Ըստ նրա՝ դա խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված քայլ է:

Լրագրող Սևակ Վարդումյանը, անդրադառնալով նախագծին, նշեց. «Որոշ դրվագով համաձայն եմ այն հատվածին, որ երբ ասում են, որ անանուն, «Տելեգրամ»-յան ալիքներից եկող, «Ֆեյսբուք»-ից եկող ինֆորմացիաները հրապարակելուց հետո լրատվամիջոցները խնդիրներ են ունենալու: Այո, իրեն հարգող ցանկացած լրագրող նախ պետք է հասկանա՝ այդ տեղեկատվությունը որտեղից է, ի՞նչ հիմքեր ունի, արժե՞ հրապարակել, թե՞ չարժե  և պատրաստ լինել դրա համար պատասխանատվություն կրելու: Իսկ ինչ վերաբերում է հենց աղբյուրների բացահայտմանը, երբ լրագրողը փորփրում է, տեղեկանում է, մի քանի աղբյուրով ճշտում է լուրն ու հրապարակում, և հետո պատկան մարմիններն ասում են, որ աղբյուրը պետք է բացահայտի, աբսուրդ է»:

Ըստ նրա՝ լրատվամիջոցներին թիրախում պահելու մեթոդներ են կիրառվում: Սևակ Վարդումյանը, առանց լրագրողական հանրույթի կարծիքը լսելու,  ԶԼՄ-ներին վերաբերող օրենք մշակելը համարեց առնվազն վիրավորական:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ սկզբում կոմիտեի բոլոր փորձերը՝ ներազդելու գործընթացի վրա, փոփոխություններ իրականացնելու, հաջողությամբ չեն պսակվել, բացառությամբ մի բանի: «Այն ժամանակ, երբ օրենքի նախագծում նախատեսված էր «անանուն աղբյուրներին» հղում չկատարելը, բացատրեցինք, որ դա անհնարին է, մանավանդ, երբ խոսքը հետաքննող լրագրողների գործունեության մասին է: Դրանից հետո մենք նկատեցինք, որ դա փոխեցին «չնույնականացվող աղբյուրներ»-ով, որը մեր կարծիքով գրեթե նույնն է»,- ասաց նա:

Անդրադառնալով նախագծի լրամշակված վերջնական տարբերակին, սակայն, Մելիքյանն ասաց. «Այս տարբերակով որևէ աղբյուրին հղում տալու, այդ թվում չնույնականացվող աղբյուրին հղում տալու արգելքը հանվել է:  Ասվում է՝ կարող ես բոլոր աղբյուրներից, օրինակ «Տելեգրամ»-ի ալիքից վերցնել ինֆորմացիան, հղում կարող ես տալ, կարող ես չտալ, բայց դու վերցրու քո վրա պատասխանատվություն»:

Մելիքյանը այսպիսով շեշտեց, որ այդ առումով որևէ առարկություն չունեն: «Որովհետև տեղեկատվությունը տրամադրելիս իսկապես ինչ-որ մեկը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի»,- ասաց նա ու հավելեց, որ օրինագծի մեջ, սակայն տեսնում են այլ խնդիր՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը մերժելու հիմքերի դրույթների հետ կապված:

ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական հետազոտության կենտրոնի փորձագետ Քրիստինե Ալեքսանյանն էլ նշեց, որ թե պատգամավորների ելույթներում նշված խնդիրները, թե լրագրողների ելույթներում նշված խնդիրները ֆիքսել է, և,  երբ նախագիծը լրամշակման համար գնա նախարարություն, անպայման կանդրադառնան բոլոր նկատառումներին:

ՔՊ-ի պատգամավորների հեղինակած նախագիծը հոկտեմբերի 19-ին հավանություն է ստացել ԱԺ համապատասխան հանձնաժողովում և կքննարկվի լիագումար նիստում: Նախագծով առաջարկվում է օրենքում սահմանել նոր՝ «չնույնականացված աղբյուրներ» հասկացությունը: Փոփոխություններ են արվել նաև լրագրողների հավատարմագրման կարգի մասին դրույթում:

 

143