ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:
 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ավագանու 20.05.2011թ. որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով  վարձակալության տրամադրել 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա՝ համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է Մխիթար Զաքարյանի մտերիմին: Վերջինս, վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով՝ կառուցել է սրճարան, և առանց համապատասխան թույլտվությունների տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:
 

Մեղրիի համայնքապետը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կազմակերպել է նշված հողատարածքը սեփականությամբ իր մտերիմին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։
 

Նշված տեղեկանքի հիման վրա՝ Մեղրի համայնքի ավագանու կողմից, 25.05.2020թ. որոշմամբ, փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. որոշման մեջ և հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։
 

2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում համայնքի ղեկավարի տեղակալի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմը, այնուհետև հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:
 

Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա՝ համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:
 

Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում» նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:
 

Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից: Տեղեկանքի հիման վրա՝ համայնքապետարանի կողմից լիազորված և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով նշված 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում:
 

Արդյունքում՝ համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդ կերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:
 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավարին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
 

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով

750