Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Kia Sorento  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս,  մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:

Վթարի հետևանքով Kia-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ  քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Կոտայքի մարզային փրկարարական վարչության  Հրազդանի հրշեջ-փրկարարների  օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել  «Հրազդան»  բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ վիրավորին հիվանդանոց է  ուղեկցել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:

Փրկարարները հոսանքազրկել են մետաղե ջարդոնի վերածված Kia-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանը, տարածքի դատախազի ցուցումով վթարի վայր է ժամանել  Հայաստանի քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային  վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու  ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը; Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի կողմիղ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

 Kia-ի վարորդը աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկան:

 Shamshyan.com 

1071