Շուտով «Добро.РФ» ծրագրի շրջանակներում առաջին ռուս կամավորները կժամանեն սահմանամերձ Ագարակ և Եղվարդ գյուղեր, որից հետո նախագիծը կիրականացվի նաև Դավիթ Բեկ գյուղում:

Այս մասին տեղեկացնում է Երևանում Ռուսական տունը:

«Երևանում Ռուսական տան նախագծերի շրջանակներում «Россияне» հասարակական կազմակերպությունը կմասնակցի «Добро.РФ» մարդասիրական առաքելությունների ծրագրին: Հոկտեմբերի սկզբին կազմակերպությունը կհյուրընկալի Ռուսաստանից ժամանած կամավորներին:»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի Ռուսական տան պատվիրակությունը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի գլխավորությամբ, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, ինչպես նաև՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ երեք գյուղեր՝ Ագարակ, Եղվարդ և Դավիթ Բեկ, որպեսզի նախապատրաստեն կամավորների այցը և գրանցեն տեղի դպրոցների պահանջներն ու կարիքները:

Սկզբնական շրջանում Հայաստան կժամանեն հինգ կամավորներ և կմնան Ագարակում ու Եղվարդում, հետագայում ծրագիրը կշարունակվի Դավիթ Բեկում:

Ագարակի Ա.Վ. Սարդարյան անվան հիմնական դպրոցի տնօրեն Սվետլանա Խաչատրյանը նշել է ռուսերենի ուսուցիչների, ՏՏ ոլորտի մասնագետների և մանկական հոգեբանների օգնության անհրաժեշտությունը: Նրա խոսքով ՝ հոգեբանների աշխատանքը շատ կարևոր է, քանի որ դպրոցում մնացել է ընդամենը յոթ աշակերտ, իսկ վերջին պատերազմից և տարածաշրջանում իրողությունների փոփոխությունից հետո նրանք հայտնվել են արտակարգ իրավիճակում, երեխաները վախենում են նույնիսկ զանգի ձայնից:

Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանյա Գևորգյանը կարևորել է կամավորների ժամանումը մի շարք մասնագիտական առարկաների, օրինակ աշխարհագրության, դասավանդմանը աջակցելու, մեթոդական օգնության ու տեղի ուսուցչի հետ փորձի փոխանակման տեսանկյունից:

«Բացի այդ, 1–12-րդ դասարանների 28 աշակերտներին անհրաժեշտ է ֆիզկուլտուրայի ուսուցիչ, քանի որ այս առարկան այժմ դասավանդում է թոշակառու, և երեխաներին պետք է իսկական սպորտային միջավայր՝ երիտասարդ մարզչի հետ»,- ընդգծել է տնօրենը:

Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանը որպես առաջնահերթություն նշեց կամավորականների թվում ռազմագիտության ուսուցչի ժամանման անհրաժեշտությունը: Այս դպրոցն ունի 1–12-րդ դասարանների 35 աշակերտ:

Կամավորները կապրեն տեղի բնակիչների հետ: Չնայած ջրամատակարարման խնդիրներին և այս սահմանամերձ գյուղերում ռազմաքաղաքական բարդ իրավիճակին՝ տեղացիները նրանց իսկական հարմարավետություն ու հայկական հյուրընկալություն են խոստանում:

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը և Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, կարևորելով հումանիտար ոլորտում համագործակցությունը, նշել են, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի նախագիծը արդյունավետ և օգտակար լինի սահմանային այս համայնքների բնակիչների համար և հետագայում հնարավորինս ընդլայնվի: Ակնկալվում է, որ այս ծրագրի շրջանակներում Ռուսաստան կմեկնեն նաև հայ կամավորներ:

1187