Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ:

«Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված եւ անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին եւ 2020 թ. դեկտեմբերի 24-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կարեւորությունն ընդգծող բանաձեւերի ընդունման կապակցությամբ»,- այս մասին նշված է ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ անհրաժեշտ է նաեւ խթանել միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն էլ իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված գործընթացներին:

Զրուցակցի խնդրանքով ԱԺ նախագահը տեղեկատվություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլից` պատմելով նաեւ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների եւ նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ հայկական կողմն ապավինում է իր բոլոր գործընկերների աջակցությանը` ռազմագերիների շուտափույթ արձակումն ապահովելու համար:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն` ՀՀ-ի եւ Լյուքսեմբուրգի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ` միաժամանակ հավելելով, որ կարելի է քննարկել խորհրդարանների մակարդակով երկու երկրների մայրաքաղաքներում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը:

352