Վերանորոգումից հետո վերաբացվեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օդանավակայանից հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը թռիչքներ չէին իրականացվում՝ պլանային վերանորոգման աշխատանքներ՝ վազքուղու ամբողջական նորոգում և ժամանման նոր սրահ կառուցելու նպատակով:

Կատարված աշխատանքներին ծանոթանալու ու ժամանման նոր սրահի բացմանը ներկա գտնվելու համար սեպտեմբերի 16-ին Գյումրիում էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության պատասխանատուները:

Ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ, մինչդեռ կառուցված նոր սրահն ունի 870 քառակուսի մետր մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները: Ժամանման նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել: Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվել են վազքուղու նորոգման աշխատանքներ: Այն ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Թեև վազքուղու ասֆալտապատման ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի վազքուղին վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին՝ 14 տարի առաջ: 14 տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր ու վնասվածքներ և անհրաժեշտություն էր զգացվում վազքուղու նորոգման: Վազքուղու համար կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ: Ըստ պայմանագրի՝ վազքուղին նորոգվում է երեք տարվա երաշխիքային սպասարկմամբ:

«Կատարված աշխատանքները հավանեցի: Ես նախկինում էլ եմ եղել օդանավակայանում ու հիշում եմ հին վիճակը: Կարծում եմ, Գյումրու օդանավակայանը դառնալու է հանգրվան զբոսաշրջիկների այցելության ու Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը»,-տեսնելով կատարված աշխատանքը՝ նշեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա հավելեց, որ օդանավակայանը այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները:

«Այսօրվանից, վերանորոգումից հետո վերսկսվում են չվերթները: Մեր ընկերության կողմից օդանավակայանում արվող ներդրումները վկայում են այն մասին, որ մենք տեսնում ենք օդանավակայնի զարգացման ապագան»,- նշեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:

«Շիրակ» օդանավակայանում իրականացրած ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը ժամանման սրահի կառուցման, իսկ մնացածը՝ վազքուղու նորոգման համար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961-ից: 2007-ին ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:

1171