Գազի գինը եվրոպական ֆյուչերսային շուկայում պատմության մեջ առաջին անգամ հասել է 950 դոլարի` 1000 մ3-ի համար։ Սա ռեկորդային ցուցանիշ է համաշխարհային  գնագոյացման մեջ։

 Գները սկսեցին բարձանալ հատկապես սեպտեմբերի սկզբին։ Նախորդ ամսվա համեմատ՝ գազի գները աճել են 40%-ով, իսկ այս շաբաթվա ընթացքում՝ ավելի քան 14%-ով։ Մասնագետները նշում են, որ «պետք է մոռանալ» հազար խորանարդ մետրի դիմաց 240-270 դոլարի մասին, քանի որ գազի պահանջարկը մեծանում է։ Ավելին, ոմանք կանխատեսում են անգամ ավելի քան 1000 դոլար 1000 մ3-ի համար։

Նման գնաճը  բացատրվում է մի շարք պատճառներով։

Դրանցից մեկը Եվրոպայում անցյալ տարվա խիստ ձմեռն է, որի հետեւանքով սպառվել է մեծ ծավալով գազ, այդ թվում՝ ստորգետնյա պահեստարանների պաշարները. օգտագործել են պաշարված գազի 66 միլիարդ խորանարդ մետրը, որը մինչ այժմ չի վերադարձվել պահուստ։ Ընդհանուր առմամբ, օգոստոսին դրանք պարունակում են 67,23 միլիարդ խորանարդ մետր գազ՝ ամսվա սկզբի 62,15 միլիարդ խորանարդ մետրի դիմաց, ինչը վերջին ինը տարիների ընթացքում տարվա այս ժամանակի ամենացածր ցուցանիշն է:

Մյուս պատճառը օգոստոսի 5-ին «Գազպրոմ»-ի «Новый Уренгой»-ում բռնկված հրդեհն է, ինչի հետեւանքով Յամալ-Եվրոպա գազամուղով մղվող գազի ծավալը կիսով չափ կրճատվեց` 1,9-2,1 միլիոնից հասնելով 1 միլիոն խորանարդ մետրի, որի արդյունքում ևս աճեց գազի գինը։

Գազի գները աճում են նաև պայմանավորված ասիական շուկայով։ Վերջին տարիներին Չինաստանում և Հնդկաստանում մեծացել է գազի պահանջարկը։ 2020 թվականին Չինաստանը ցույց տվեց գազի ներմուծման ամենամեծ ծավալը՝ գնելով 67,4 միլիոն տոննա գազ: Սա 11,1%-ով ավելի է, քան 2019 թվականին: Սրա արդյունքում Եվրոպայում գազ մատակարարող Ռուսաստանի համար ասիական շուկան մեծանում է, որի արդյունքում էլ գազի գները աճում են։

Այս ամենը բարենպաստ միջավայր է ստեղծել «Հյուսիսային հոսք-2»-ի և ընդհանրապես «Գազպրոմի» համար։ Գազատարի արագ գործարկումը այժմ ավելի քան ձեռնտու է Եվրոպային այսինքն՝ սա այն է, ինչ ցանկանում էր Ռուսաստանը։ Գազի գների նման աճը Ռուսաստանում համարում են պատիժ այն երկրների համար, որոնք ամեն կերպ խոչընդոտում էին գազատարի շինարարությանը։

Խոսելով գնաճի մասին՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ի ամենավաղ հնարավոր գործարկումը զգալիորեն կհավասարակշռի Եվրոպայում բնական գազի գնի պարամետրերը։

Այլ հարց է, թե ինչպիսի ձմեռ է սպասվում Եվրոպայում ևս մեկ ցրտաշունչ ձմեռ, և կարելի է ենթադրել, որ գազի գներն ավելի կաճեն։

Մկրտչյան Ջուլիետա

 

 

7506