Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն Արտեմ Փաթափության,
Սիրելի հայրենակից,
Ուրախությամբ տեղեկացա, որ Ձեր գործընկերոջ` դոկտոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին արժանացել եք բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան այս տարվա մրցանակին:
Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր այդ մեծ հաջողության համար, որը, կարծում եմ, մենք բոլորս համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը:
Միաժամանակ, որպես նախկին գիտնական, խորապես հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տաղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է ևս մեկ ձեռքբերումներով:
Շնորհավորելով և ջերմ բարեմաղթանքներս հղելով Ձեզ՝ ակնկալում եմ, սիրելի Արտեմ, ամենամոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում»:
Հիշեցնենք․ Ստոկհոլմի Կարոլինսկայի ինստիտուտի (Շվեդիա, Ստոկհոլմի բարձրագույն ուսումնական հաստատություն, Եվրոպայի ամենամեծ և ամենահեղինակավոր համալսարաններից մեկը) Նոբելյան ասամբլեան 2021 թվականի բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհել է Դեյվիդ Ջուլիուսին և Արտեմ Փաթափութեանին «ջերմաստիճանի և հպման ընկալիչների (ռեցեպտորների) հայտնաբերման համար»։
«Մեր կողմից ջերմություն, ցուրտ և հպում զգալու ունակությունն էական է գոյատևման համար և ընկած է շրջապատող աշխարհի հետ մեր փոխազդեցությունների հիմքում: Առօրյա կյանքում մենք այս զգացողություններն ընդունում ենք որպես սովորական, սակայն կարևոր է, թե ինչպե՞ս են գրգռվում նյարդային ազդակները, որպեսզի կարողանանք զգալ ջերմաստիճանը և ճնշումը: Այս հարցի պատասխանն են տվել այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրները»,-նշված է Նոբելյան ասամբլեայի հայտարարության մեջ։
Արտեմ Փաթափութեանը ճնշման նկատմամբ զգայուն բջիջների միջոցով հայտնաբերել է ընկալիչների նոր դաս, որոնք արձագանքում են մաշկի և ներքին օրգանների մեխանիկական գրգռիչներին:
Նշենք, որ Փաթափութեանը ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է, ծնվել է Լիաբանանում։
Մինչեւ 1986 թվականին ԱՄՆ տեղափոխվելը՝ նա սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1990 թվականին ստացել է բակալավրի կոչում բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառում (Կալիֆոռնիայի համալսարան), իսկ 1996թ․-ին` կենսաբանության Ph.D. (Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ):
2014թ. -ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։
Արտեմ Փաթափությանը Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։