ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի «ԳԱՄԱ ակադեմիկոս» հատուկ նշանով: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-29-ին Մինսկում կայացած Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (ԳԱՄԱ) 34-րդ նիստի շրջանակներում: 

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱՄԱ-ի հիմնադիրներից է: 2018-2019 թթ-ին նա եղել է ԳԱՄԱ-ի փոխնախագահ: Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ ԳԱՄԱ-ի 34-րդ նիստն անցկացվել է բարձր մակարդակով՝ առաջատար գիտնականների մասնակցությամբ, ինչպիսիք են «Կուրչատովի անվան ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Միխայիլ Կովալչուկը, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Գրիգորի Տրուբնիկովը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի նախագահ Վալենտին Պարմոնը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին և այլ նշանավոր գիտնականներ: 

«1993 թ-ից, երբ հիմնադրվեց Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան, ես մշտապես աջակցել եմ ասոցիացիայի հիմնական նպատակներին՝ խթանել տարբեր երկրների գիտնականների համագործակցությունը, աջակցել երիտասարդ գիտնականներին, քննարկել գիտական կենտրոնների ծրագրերը: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ունենալ հիմնարար հետազոտությունների հիմնադրամ, որը կաջակցի գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը: Շատ կարևոր է նաև առաջ մղել մեխանիզմներ, որոնք կաջակցեն երիտասարդ գիտնականների համագործակությանը և կնպաստեն նրանց առաջընթացին», - նշեց ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

1572