ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատմել է, թե ինչ զեկույցներ են քննարկվել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար:

«Մեզ համար հետաքրքրական զեկույցներից մեկը ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որն ամիսներ շարունակ էր պատրաստվում: Այս զեկույցում տեղ են գտել բոլոր այն մտահոգությունները, որ մենք ունեինք, և այն կետերը, որ կուզեինք՝ այդ զեկույցում լինեին: Մասնավորապես, զեկույցում ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելուց ստանձնած պարտավորությունների խախտում է, և ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այդ հարցը:

Ֆիքսվում է  Թուրքիայի աջակցությամբ կամ Թուրքիայի մասնակցությամբ սիրիացի վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ և մասնակցությունը պատերազմին:

Ֆիքսվում է և հստակ կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, անկախ այն կարգավիճակից, որ տրված են այդ անձանց Ադրբեջանում:

Խոսվում է նաև հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, դատապարտվում է Ադրբեջանում ծավալվող կեղծ ալբանական թեզի գոյությունը: Անդրադարձ կա նաև Ադրբեջանում պաշտոնական և բարձր մակարդակով օգտագործվող ատելության խոսքին»,- ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

1lurer.am

141