Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին նշել  է, որ Եվրասիական տնտեսական միությունը չպիտի հետ մնա համաշխարհային զարգացումներից: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. 

 «ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծումը բխում է տնտեսական անվտանգության և հանրային առողջության շահերից: Սա նաև կնպաստի նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, կբարձրացնի գիտելիք պահանջող արդյունաբերությունների ներգրավվածության մակարդակը»,-ավելացրել է նա:

Նա նաեւ կարևորել է ԵԱՏՄ երկրներում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացումը: Փաշինյանն արձանագրել է, որ համաշխարհային հանրության առջև ծառացած խնդիրներից մեկն այսօր կապված է կլիմայի փոփոխության հետ:

«Դա ազդում է ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական գործընթացների վրա: Այս առումով անհրաժեշտ է ԵԱՏՄ անդամ երկրների փոխազդեցություն՝ կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու միջոցառումներ մշակելու համար»,- նշել է  ՀՀ վարչապետը։ 

ՀՀ վարչապետն  առաջարկել է ուժեղացնել այս ուղղությամբ աշխատանքը` դրանում ավելի ակտիվորեն ներգրավելով գործարար համայնքին և գիտական շրջանակներին: 

Լյուսիյա Պետրոսյան

1366