Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգետիկ միասնական շուկայի ստեղծման գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին:

«Հարգելի գործընկերներ, միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածքում էլեկտրաէներգիայի, նավթի գազի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը  ոչ միայն ԵԱՏՄ ստեղծման մասին համաձայնագրի դրույթների կատարման խնդիր են, այլև դրա լիարժեք իրականացման նախապայման։ Մենք ելնում ենք նրանից, որ տնտեսական միությունը կշահի ապագայում դրված խնդիրների լուծումից: ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց բացառությունների և սահմանափակումների»,- նշեց վարչապետը: 

 Փաշինյանը կարեւորեց այն խոչընդոտների վերացումը, որոնք, նրա բնորոշմամբ, սահմանափակում են ձեռնարկատերերի ազատ մուտքը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ. 

«Պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի միության գործունեության հիմքերը, իսկ միության շրջանակներում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ պետությունների վստահության մակարդակը միմյանց նկատմամբ, այլ նաև կբարձրացնի արտաքին շուկաներում մեր մրցունակությունը»,- հավելեց վարչապետը։ 

Լյուսիյա Պետրոսյան

16047