Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կուսումնասիրի երկու տարին մեկ աշխարհի առաջնության անցկացման վերաբերյալ բոլոր կարծիքները՝ ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: 
 
Սեպտեմբերի սկզբին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը ասել է, որ աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելը կթուլացնի մրցաշարի դիրքերը: Ավելի ուշ նա մամուլի միջոցով նախազգուշացրել էր եվրոպական թիմերի կողմից հնարավոր բոյկոտի մասին, եթե ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ծրագրերն իրականանան։ Չորեքշաբթի օրը ԶԼՄ -ներում տեղեկատվություն հայտնվեց, որ եվրոպական ավելի քան 10 ֆուտբոլային ասոցիացիաներ դիտարկում են ՖԻՖԱ-ից դուրս գալու հնարավորությունը՝ աշխարհի առաջնության խաղացանկի հնարավոր փոփոխության պատճառով: 
 
«Ճիշտ է, քննարկումները թեժ են եղել, բայց դա նորմալ է»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը: Հավանաբար այն պատճառով, որ մենք ընդհանրապես երբեք չենք խոսել այս մասին: Բոլորի համար հիմա կարևոր է արտահայտել իր կարծիքը, բոլորը պետք է լսելի լինեն: Բոյկոտի կամ նման բաների սպառնալիքներ այսօր չհնչեցին: Խոսակցությունները կառուցողական և դրական էին»:
 
«Ես հասկանում եմ, որ կարծիքները կարող են տարբեր լինել: Վստահ եմ, որ դեկտեմբերի 20-ին մենք կկարողանանք ընդհանուր կարծիք հայտնել (աշխարհի առաջնության հաճախականության վերաբերյալ): Մարդկանց համար դժվար է ընդունել փոփոխությունները, հատկապես, եթե վերջին 100 տարում ամեն ինչ որոշակի հունով է ընթանում: Մեր նպատակն է ֆուտբոլն ավելի լավը դարձնել, սա բոլորի նպատակն է, ովքեր առնչություն ունեն ՖԻՖԱ-ի հետ»,- հավելել է Ինֆանտինոն:
 
 
247